ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Ջոն Կարապետյանը հունվարի 30-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում:

Ջոն Կարապետյանը ծնվել է 1982թ-ին` Գյումրիում:  Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում: 2010թ-ին պաշտպանել է «Գրունտների տատանումների քանակական պարամետրերի համեմատական գնահատումը ուժեղ երկրաշարժերի ժամանակ» թեմայով ատենախոսությունը:

Ջոն Կարապետյանը ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2013թ-ից: Նա 55 գիտական աշխատությունների եւ մեկ պատենտի հեղինակ է: Նրա գիտական գործունեության ոլորտը ներառում է` երկրաֆիզիկա, ինժեներային սեյսմաբանություն, սեյսմակայուն շինարարություն, երկրաֆիզիկական սարքաշինություն. սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման մեթոդների, սեյսմիկ սանդղակների մշակում եւ կատարելագործում:

Ջոն Կարապետյանի կողմից ստացված հաշվարկային աքսելերոգրամները տարբեր նախագծային կազմակերպությունների կողմից  օգտագործվել են տարբեր մարզերի դպրոցների մասնաշենքների նախագծման ժամանակ:

Ջոն Կարապետյանը ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2011 թ-ին հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության դափնեկիր երկրաբանություն անվանակարգում: 2013թ-ին դարձել է Երկրի մասին գիտություններ բնագավառում ակադեմիկոս Ա. Նազարովի  երկրորդ կարգի մրցանակի դափնեկիր, բազմիցս ստացել է պատվոգրեր եւ շնորհակալագրեր: