Կոնկրետ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու վրա` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու եւ համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Բնապահպանական ճակատը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ճնշումներն իրականացվում են ՀՀ կառավարության եւ Վայոց Ձորի մարզպետարանի կողմից: ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը հանձնարարական է ուղարկել Վայոց Ձորի մարզպետին, մարզպետը՝ Ջերմուկի համայնքապետին, վերջինս հրավիրել է արտահերթ նիստ՝ ավագանու վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականը Վայոց Ձորի մարզպետ Տ.Սարգսյանին՝ Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, եւ արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով:
Վայոց Ձորի մարզպետի գրությունը Ջերմուկի համայնքապետ Վ. Հովհաննիսյանին՝ Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականի պահանջների՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով, առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ:
Մի քանի րոպե առաջ Ջերմուկի ավագանին մերժեց ընդունել նախարարության առաջարկությունն ու չեղարկել իր որոշումը: Կեցցե՜ն:
Հայտարարում ենք, որ մենք զորավիգ ենք Ջերմուկ համայնքի բնակիչներին ու ավագանու անդամներին, հուսով ենք, որ նրանք մինչեւ վերջ էլ ամուր կմնան ու կպաշտպանեն հանրության պահանջը ներկայացնող իրենց որոշումը: Խնդրում ենք լրատվամիջոցներին անհապաղ բարձրաձայնել այս խնդիրը, փորձել պարզել տեղեկատվության իսկությունը, հարկ եղած դեպքում՝ քննել պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումները Տարածքային կառավարման նախարարությունում եւ Վայոց Ձորի մարզպետարանում»:
ՀԲՃ-ն ներկայացրել է նաեւ Ջերմուկի ավագանու նիստի տեսագրությունը:





























