Դեռեւս չեմ ուզում որեւէ քաղաքական ենթատեքստ տեսնել, եթե, իհարկե, նոր հանգամանքներ ջրի երես դուրս չգան: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ մեկնաբանելով «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լուծարման մասին Կառավարության որոշումը։
Համաձայն Կառավարության հիմնավորման, նման որոշումը կապված է 2016 թվականի հոկտեմբերի 26-ից սկսած Հայաստանի ողջ տարածքում անալոգային հեռարձակման դադարեցման հետ: Շիրակի հանրային հեռուստաընկերությունը (հեռարձակվում է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից, ներառյալ մոտակա բնակավայրերը) դեռեւս իրականացնում էանալոգային հեռարձակում, «ինչը թույլ չի տալիս ապահովել լայն լսարան», իսկ թվային հեռարձակման անցնելու համար անհրաժեշտ են ֆինանսական զգալի միջոցներ: Իշխանությունները չեն փորձել գտնել այդ միջոցները:
Ժուռնալիստների միության ղեկավարը տարակուսանք է հայտնել, թե ինչու այդքան երկար տարիներ հեռուստառադիոընկերությունը չի անցել թվային հեռարձակման: «Հասկանալի չէ, թե ինչ հիմքերով է ՀՀ կառավարությունը նման որոշում կայացրել, բայց ամենից շատ այս ամբողջ իրավիճակում անհանգստացնում է այն, որ տասնյակ մարդիկ կմնան առանց աշխատանքի: Թվային հեռարձակման անցումը, հաշվի առնելով այն դոտացիաները, որոնք ստացել է տվյալ հեռուստառադիոընկերությունը, պետության համար այնքան էլ թանկարժեք ձեռնարկ չի եղել: Միգուցե իշխանությունները պարզապես ցանկանում են ծախսերը կրճատել կամ մտածում են, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բավարար է եւ նմանատիպ բովանդակության այլ ընկերություն պահելը նպատակահարմար չէ», - ասել է Սեյրանյանը:
Միեւնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի աշխատակիցները նույնպես բացատրություններ կներկայացնեն հասարակությանը, թե ինչու այդքան երկար ժամանակ իրենք չեն անցել թվային հեռարձակման եւ ինչ են իրենք պատրաստվում անել:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հունվարի 31-ին որոշում է կայացրել հեռուստառադիոընկերության լուծարման մասին: Գյումրիում, որտեղ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է տիրում, մոտ 60 մարդ մնացել է առանց աշխատանքի:




























