Ես համաձայն եմ, որ ուսուցիչների աշխատավարձերը ցածր են, էնպես ինչպես առողջապահական ոլորտում են ցածր, տարբեր սոցիալական գործառույցներ ունեցող հիմնարկներում են ցածր: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ դա ուղիղ կապ ունի տնտեսության զարգացման եւ մյուս ոլորտներում աշխատավարձերի բարձրացման հետ:

«Նախնական քննարկումներ կան, հնարավորություններ գտնել այդ հարցը լուծելու համար, բայց առաջիկա գոնե մեկ ամսվա ընթացքում այդ լուծումը չենք կարող ունենալ: Հենց տնտեսությունն սկսեց լրացուցիչ եկամուտներ ապահովել, իսկ դրա նախադրյալները շատ մեծ են ու հրապարակվող թվերն էլ դրա մասին են խոսում, դրանք ուղղվելու են նման խնդիրների լուծմանը, այդ թվում աշխատավարձերի բարձրացմանը»,-հայտարարեց նախարարը: