«Շիրակ» հեռուստառադիոընկերության կազմալուծումը քաղաքական կոնտեքստ չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Շիրակ» հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանը՝ մեկնաբանելով Կառավարության հունվարի 31-ի որոշումը:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ նման որոշումը կապված է 2016 թվականի հոկտեմբերի 26-ից ողջ Հայաստանի տարածքով անալոգային հեռարձակման դադարեցման հետ: Շիրակի հանրային հեռուստատեսությունը (հեռարձակվում է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից, այդ թվում որոշ հարակից բնակավայրերում) դեռ անալոգային հեռարձակում ունի, ինչը, «հնարավորություն չի տալիս մեծ թվով լսարան գրավել», իսկ թվային հեռարձակմանն անցնելու համար զգալի ֆինանսական միջոցներ կպահանջվեն: Իշխանությունները չեն փորձել գտնել այդ միջոցները:

Ղանդիլյանի խոսքով՝ այս շրջանում անալոգային հեռարձակումը Շիրակի մարզում ավելի  փոքր լսարան է գրավում, քան թվայինը:

«Մենք դեռ հոկտեմբերի 5-ին գրավոր դիմել էինք Կառավարությանը եւ կարծիք հայտնել, որ մեր հեռուստաընկերության փակումը ճիշտ որոշում չէր լինի: Այս հարցն արդեն երկար ժամանակ քննարկվում է՝ դեռ 2016 թվականից: Կառավարությունն ամեն անգամ հետաձգում էր տվյալ հարցի լուծումը, սակայն նորը որոշեց չհետաձգել», - պարզաբանեց Ղանդիլյանը:

Հարցին՝ պատրաստվում են արդյոք հեռուստառադիոընկերության աշխատակիցները որեւէ քայլեր ձեռնարկել, օրինակ բողոքի ակցիաներ անցկացնել, տնօրենը պատասխանեց, որ նրանք դեռ պետք է քննարկումներ անցկացնեն եւ երբ ընդհանուր հայտարարի գան, ապա անպայման հասարակությանը կտեղեկացնեն իրենց որոշման մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Կառավարությումը որոշում ընդունեց հեռուստառադիոընկերության լուծարման մասին: Գյումրիում, որտեղ ծանր սոցիալ-տնտեսական դրություն է, 60 մարդ առանց աշխատանքի է մնացել: