Տաքսիստները տուրիստներից Հայաստան մուտքի վճար են գանձում։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց զբոսավար Սամվել Գասարջյանը:
«Տաքսիստների մի խումբ՝ շուրջ տասը հոգի, լավ հարաբերություններ ունի ոստիկանության և տեղի անվտանգության աշխատողների հետ: Եվ երբ ժամանողների խումբը մոտենում է, այս տաքսիստները կանգնում են զբոսավարների դիմաց` խանգարելով, որ մեր ընկերության միջոցով Հայաստան եկած զբոսաշրջիկները տեսնեն մեր լոգոյով և իրենց անուններով պաստառները, որոնցով մենք դիմավորում ենք իրենց: Քիչ ճամփորդող զբոսաշրջիկները կարծում են, որ այդ տաքսիստներն իրենց զբոսավարներն են, և այսպես նրանք գողանում են մեր տուրիստներին»,- պատմեց նա:
Զբոսավարը նշեց, որ իրենց երկրներում գնելով զբոսաշրջային փաթեթները, զբոսաշրջիկները վճարում են նաև օդանավակայանից մինչև իրենց հյուրանոցն ընկած ճանապարհի համար: Տաքսիսները, իմանալով դա, նրանցից չեն փորձում գանձել տեղափոխման վճար, այլ օդանավակայանի այն հատվածում, ուր արգելափակոցն անցնելիս վճարում են տեղում իրենց մեքենան կայանելու համար (սովորաբար 1500-2000 դրամ), զբոսաշրջիկներին ասում են, թե վճարում են Հայաստան մուտքի համար, և նրանցից խաբեությամբ գանձում գումար (15-60 հազար դրամ):
Ըստ Գասարջյանի` ավելի ուշ բացահայտելով խաբեությունը` զբոսաշրջիկները հիասթափություն են ապրում: «Սա վնասում է Հայաստանի իմիջին, քանի որ եթե որևէ երկրում Ձեզ խաբում են, ապա այդ երկիրն ի սկզբանե տպավորվում է բացասական երանգով, և մարդիկ այլևս չեն ուզում վերադառնալ այստեղ: Մենք էլ կոցնում ենք գործընկերների վստահությունը»,- ասաց նա:
Օդանավակայանում աշխատող թե ոստիկանները, և թե անվտանգության աշխատակիցները, զբոսավարի հավաստմամբ, գիտեն` ինչ է կատարվում: «Օդանավակայանի ոստիկանները նրանց շատ լավ են ճանաչում. եթե դուք էնտեղ լինեք, տեսնեք` իրար ինչպես են բարևում տաքսիստներն ու ոստիկանները, կհասկանաք, որ իրար հետ լավ մտերիմ են»,- նշեց Գասարջյանը:
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան» նամակներով դիմել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ոստիկանության վարչություն պետ Գարիկ Ղուկասյանին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, «Արմենիա» միջազգային օդանավակայանի գխավոր մենեջեր Մարսելլո Վենդեին` խնդրելով հարցին լուծում տալ: «Մենք չենք ուզում այս հարցը ծանրացնել, չենք ուզում հարց բարձրացնել` նրանք հարկային դաշտում են աշխատում թե ստվերում, մենք ակնկալում ենք, որ ոստիկանները մուտքի մոտից հեռացնեն անհատ տաքսիստներին, տրամադրեն այնպիսի տարածք, որ իրենք սպասարկեն այն զբոսաշրջիկին, ում չեն դիմավորում, ով տաքսու կարիք ունի: Ակնկալում ենք, որ իրենք չգողանան մեր տուրիստին»,- ասաց նա:





























