Հունվարի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրությանը, եւ միաձայն քվերակությամբ այս պաշտոնում ընտրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի Սահակյանը:

Այնուհետեւ Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կոալիցիայի  2019-2023 թվականների Ռազմավարական պլանի նախագիծը, որը քննարկվելուց հետո հաստատվեց կառավարման խորհրդի անդամների կողմերից:

Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր Կոալիցիայի կազմում Հայաստանում անցումային արդարադատության հարցով հանձնաժողովի ստեղծմանը: Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Տնտեսական իրավունքի կենտրոնի նախագահ Մովսես Արիստակեսյանը: Նա երկշաբաթյա ժամկետում կառավարման խորհրդին կներկայացնի հանձնաժողովի աշխատակարգը եւ գործողությունների ճանապարհային քարտեզը:

Կոալիցիայի կազմում ստեղծվեց նաեւ հանձնախումբ, որը կզբաղվի Կոալիցիայի անդամության զարգացման հարցերով: Հանձնախմբի նախագահ ընտրվեց Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը: Նա նույնպես երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի հանձնախմբի աշխատակարգը եւ գործողությունների ճանապարհային քարտեզը:

Նիստին Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն ու դրա վերաբերյալ Կոալիցիայի առաջարկությունները, որոնք քննարկումից հետո հաստատվեցին եւ հանձնարարվեց Կոալիցիայի քարտուղարությանը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիային, դրանք ամփոփող փաստաթուղթը ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն:

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 97 ՔՀԿ-ներ` Երեւանից եւ ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: