Բացօթյա ապօրինի առեւտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում եւ նախազգուշացնում էին` չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ. hունվարից Երեւանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի:

Այս առնչությամբ, քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Այս պահի դրությամբ մենք ունենք գրեթե 90 տոկոսանոց արդյունք: Բացատրական աշխատանքների փուլն արդեն կարող ենք համարել փակված, այժմ անցնում ենք կոշտ վարչարարության եւ,  առիթից օգտվելով, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցային առեւտուր իրականացնելուց»,-նշում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը:

Երեւանում այսօր գործում է գյուղմթերքի 24 շուկա, որտեղ կա 1540 ազատ տեղ: Նախորդ դարի կեսերին կառուցված Կոմիտասի շուկայի անսովոր արձագանքող լռությունն ու  տաղավարների փոշին պատմում է կոլորիտային այս վայրի ներկայի մասին: Տնօրենի հետ պայմանավորվածությամբ՝ առաջին երկու ամիսը տաղավարները քաղաքացիները կարող են վարձակալել անվճար:

Մանրածախ, նաեւ մեծածախ վաճառքի հարմարավետ պայմաններ է ապահոված նաեւ Էրեբունիում՝ անմիջապես Կայարանի հարեւանությամբ: Աշխատանքներ են տարվում նաեւ վարչական շրջանում նոր փոքր շուկա հիմնելու համար:

Նոր Նորքում բացօթյա առեւտրի հիմնական հասցեն Սաֆարյան փողոցն էր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տանող հիմնական ճանապարհն ամեն օր խցանված էր, մայթերը՝ ծանրաբեռնված սննդով՝ չնայած կողք կողքի գործում են եւ՛ բացօթյա, եւ՛ փակ շուկաները:

Չնայած վարչական շրջանում առեւտրի համար առկա պայմաններին եւ արտոնություններին՝ մի շարք քաղաքացիներ շարունակում են բողոքել՝ պահանջելով, օրինակ,  քանդել նախկին շուկայի տարածքում կառուցված առեւտրի կենտրոնը: Սա այն դեպքում, երբ ներկայիս շուկան՝ գյուղմթերքի մեծածախ ու մանրածախ առեւտրի հնարավորություններով հանդերձ, տեղակայված է հենց կենտրոնի տարածքում:

Ավելի վաղ քաղաքացիներից մի քանիսը, ընդգծելով վարկային բեռն ու ընտանիք պահելու հոգսի հանգամանքը, փողոցային առեւտուրը վերացնելու պահանջին դեմ արտահայտվեցին՝ փակելով ճանապարհը սեփական, այդ թվում արտասահմանյան արտադրության թանկարժեք մեքենաներով:  

Փողոցային առեւտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ, սակայն, հրաժարվում են շուկաներ տեղափոխվել: Դժգոհում են, բողոքում՝ պահանջելով թույլատրել անօրինական առեւտուրը կամ հատուկ իրենց համար տեղեր հատկացնել: Քաղաքապետարանը պատրաստ է քննարկել եւ հատկացնել առանձին տեղեր, բայց ոչ օրենքին հակասող:

Փողոցային առեւտուրը եկեղեցու բակում, մեկ այլ դեպքում՝ Մաշտոցի պողոտայում՝ մշակութային շենքի տարածքում կամ էլ անմիջապես կանգառի մոտ. առեւտրականների առաջարկներն են:

Քաղաքացիների մի մասի համար փողոցում առեւտուրը լուծում է օրվա հացի խնդիր, ոմանց համար, սակայն, հարկային դաշտից խուսափելու եւ բիզնեսն ընդլայնելու հնարավորություն է: