Կալանավորված սաուդցի ակտիվիստ Լուիջայն Ալաթհուլլահի եղբայրը հայտնել է, թե ինչպես են քրոջը բանտում խոշտանգում:
CNN-ի կայքում հրապարակված հոդվածում Վալիդ Ալաթհուլլահը նշում է, որ Լուիջայնին ծնողների վերջին այցելության ժամանակ նա պատմել է, որ իրեն պարբերաբար ծեծել են, խոշտանգել հոսանքով եւ նկուղում սեռական ոտնձգության են ենթարկել, որը նա անվանել է «սարսափների սենյակ»:
Կնոջը կալանավորել են 2018 թվականի մայիսին՝ Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների պաշտպան 10 այլ ակտիվիստների հետ: Նրա ընտանիքը, սաուդցի ակտիվիստները եւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պնդում են, որ նա եւ մյուս բանտարկված կանայք վերջին ամիսներին բանտում ենթարկվել են խոշտանգումների եւ սեռական ոտնձգությունների:
Նրանք պնդում են, որ գահաժառանգ արքայազնի նախկին գլխավոր խորհրդական Սաուդ ալ Քահթանին ներկա է եղել հարցաքննություններից առնվազն մեկին:
Քահթանին սպառնացել է նրանցից մեկին բռնաբարել, սպանել եւ կոյուղին նետել:
«Ամեն անգամ, երբ Լուիջայնը պատմում է խոշտանգումների մասին, նրա ձեռքերը դողում են… Ես վախենում եմ, որ ցավն ընդմիշտ նրա հետ կմնա»,- գրել է Վալիդը հոդվածում:
«Իմ կրտսեր քույրը ասել է, որ իրեն ծեծում են, խոշտանգում հոսանքով եւ ոտնձգություններ կատարում: Նա ասել է, որ երբեմն դիմակավորված մարդիկ իրեն արթնացնում են գիշերվա կեսին, որպեսզի աներեւակայելի սպառնալիքներ բղավեն»,- նշել է նա: Վալիդի խոսքով՝ քննիչներից մեկը փորձել է քրոջը ստիպել իր հետ ամուսնանալ՝ սպառնալով նրան բռնաբարել:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ ակտիվիստները կալանավորվել են «թշնամական հաստատությունների հետ կասկածելի կապերի» համար:





























