Երեւանի կենդանաբանական այգու նախկին եւ ներկա աշխատակիցները, կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջում են կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել եւ անցկացնել տնօրենի ընտրություններ:

Նշենք, որ դեռեւս հունվարի 26-ին նրանք ակցիա էին անցկացրել Կենդանաբանական այգու մոտ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաեւ քաղաքապետարանից, ինչպես նաեւ մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը:

Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը, մասնավորապես, նշեց, որ իրենք ունեն երեք պահանջ.

1. Կենդանասերներին նորից չեն ներգրավել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքներում, եւ մեր կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր անտեսվում են։

2. Մենք պահանջում ենք Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունների դադարեցում, քանի որ նա անտեսելով բազմաթիվ հորդորները՝ հանդարտվել եւ ուսումնասիրենք իրավիճակը, շարունակում է հեռացնել աշխատակիցներին։ Այս պահի դրությամբ երկու աշխատակիցներ ստացել են ծանուցում։

3. Մենք կարծում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը չի ձեռնարկում բավականաչափ միջոցներ Երեւանի կենդանաբանական այգու խախտումները հայտնաբերելու ուղղությամբ»:

Նա ընդգծեց, որ տրվել են հանձնարարականներ. «Դեռեւս 2018թ. օգոստոսի 31–ին սեպտեմբերին դիմում ենք ներկայացրել վերահսկող ծառայություններին եւ իրավապահ մարմինների, եւ այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քայլ չի արվում։ Մենք նորից ասում ենք, որ կենդանասերները անտեսված են։ Եվ եթե արձագանք չգտնվեց Երեւանի քաղաքապետի կողմից, քաղաքապետարանի աշխատակազմի կողմից այս երեւույթների դեմ, եւ կենդանասերները անտեսվեն, մենք շարունակելու ենք ցույցերը։

Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք որոշակի զրույցի, շփումների։ Մեկ շաբաթ առաջ եւս մենք ասացինք, որ մեզ հրավիրեն, զրուցենք, բայց կրկին ոչ մի արձագանք չեղավ։

Մենք փաստում ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքում երեւի ոչինչ չի փոխվել, նորից իրենց կաբինետներում նստած իրենց գործողություններն են կատարում, ժողովրդի ձայնը լսելի չէ։

Տնօրենի թեկնածու չունենք։ Պետք է Երեւանի կենդաբանական այգու տնօրենի համար անցկացվի համապատասխան ընտրություն. պետք է ստեղծվի հանձնաժողով, հանձնաժողովին պետք է ներգրավված լինեն երկուական ներկայացուցիչ տարբեր կառույցներից, եւ հնարավորություհ տրվի, որպես կենդանաբանական այգու թափուր տեղի համար ներկայացվեն թեկնածուներ, այդ թվում, ինչու չէ, թող ներկայացնի իր թեկնածությունը պարոն Խաչատրյանը։ Պետք է ներկայացվի՝ թե ինչ է կատարվում։

Պետք է ցավով արձանագրեմ, որ պարոն Խաչատրյանի վարքագիծն ու հարուցված քրեական գործերը վկայում են այն մասին, որ ինչ–որ բան այնպես չէ»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ բողոքները կենդանաբանական այգու տնօրենից սկսվել են դեռեւս մեկ ամիս առաջ, երբ այգու մի քանի տեսակի կենդանիներ անկեցին։