Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ծրագրերի ղեկավար Կոեն Գոեին, Նիդերլանդների արդարադատության համայնքային գծով խորհրդատու, պրոբացիոն ծառայության փորձագետ Լեո Թիխեսին եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակմանը, Ծառայության եւ պետական, համայնքային մարմինների հետ սերտ համագործակցության ձեւավորմանը, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրության կատարելագործմանը, էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի դրական եւ բացական կողմերին:
Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ Արդարադատության նախարարությունը վճռական է պրոբացիայի ոլորտը զարգացնելու հարցում, եւ փորձագետների գիտելիքն ու փորձը կարող են իրենց նպաստը բերել համակարգի բարելավման աշխատանքներում:





























