2018-ի դեկտեմբերին կալանավորված և «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44 օր հացադուլից հետո մահացած Haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանն իր վերջին նամակում խոսել էր իր նկատմամբ տարիներ առաջ իրականացված ապօրինությունների մասին։

«Չգիտեմ, թե ի՞նչ են փնտրում, ի՞նչ են ուզում անել՝ ինձանից նոր «հանցագործ» կերտելով, ինչպես դա արել էին տարիներ առաջ, ընդ որում, այդ դատավճիռը արդեն ՄԻԵԴ-ի ճանապարհին է»,– գրել էր նա։

NEWS.am–ը պարզեց, որ խոսքը Եղիազարյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի կապակցությամբ դեռևս 2015 թ. հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի դատախազի կողմից հարուցված քրեական գործի մասին է։

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Եղիազարյանը ուրիշի առանձնապես խոշոր չափի գույք խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, իր ծանոթ Խաչիկ Կզլյանի միջոցով ծանոթանալով «Գամմա-Շին» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Գևորգ Խաչատրյանի հետ` ներկայացել է որպես «ՀայՋրմուղԿոյուղի» ՓԲԸ-ի հասարակայնության և կապի բաժնի պետ, ջրագծերի վերանորոգման համար խաբեությամբ Գևորգ Խաչատրյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի ընդհանուր 5560300 ՀՀ դրամ։

Եղիազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտվել գրավը։ Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Եղիազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա ցուցմունք է տվել այն մասին, որ հայր և որդի Խաչատրյանների հետ բիզնես գործունեություն է սկսել, սակայն որոշ խնդիրներ են առաջացել բիզնեսում, և նա պարտքեր է կուտակել։ Եղիազարյանը նշել է, որ Արմեն Խաչատրյանն իրեն գումար չի տվել, իրեն երկու անգամ առձեռն գումար է տվել Գևորգ Խաչատրյանը, և ստացականը գրվել է վերջինիս անունով: 2015թ. օգոստոսի սկզբին Եղիազարյանը հանդիպել է հայր և որդի Խաչատրյանների և Խաչիկ Կզլյանի հետ և խնդրել՝ իրեն մեկ ու կես ամիս ժամանակ տրամադրել գումարները վերադարձնելու համար: Սակայն սեպտեմբերին տեղեկացել է, որ Գևորգ Խաչատրյանն իր դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն:

2017թ. մայիսի 10–ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դատավճռով Եղիազարյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանի վճռով, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։ 2019թ. հունվարի 18-ին Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։ NEWS.am–ի հետ զրույցում Մհեր Եղիազարյանի շահերը ներկայացրած փաստաբան Մարտին Զիլֆուղարյանն ասաց, որ իր պաշտպանյալը նպատակ ուներ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և իր վերջին նամակում հենց այդ մասին էր գրել։

Փաստաբաի խոսքով՝ Եղիազարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն ու ապօրինի էր.

«Խարդախության մասին խոսք լինել չի կարող, իմ պաշտպանյալը պարտք է վերցրել, որը ընթացքում վճարել է։ Իրենք համատեղ բիզնես–գործունեություն են ծավալել, սակայն բիզնեսում խնդիրներ են առաջացել, և Եղիազարյանը խոստացել է ժամանակի ընթացքում վերադարձնել պարտքը։ Սակայն վճարումն ուշացնելու համար հայր ու որդի ցանկացել են վրեժ լուծել Եղիազարյանից ու դիմել են իրավապահներին»,– ասաց նա։

Փաստաբանի պնդմամբ, սակայն այդ գումարը քաղաքացիական հայցով արդեն իսկ վերադարձվել էր և խարդախության փաստն անհիմն է։

Զիլֆուղարյանն ասաց, որ ընտանիքի անդամների հետ քննարկելուց հետո ամենայն հավանականությամբ կդիմեն ՄԻԵԴ։

Նշենք, որ Մհեր Եղիազարյանը կալանավորվել էր 2018-ի դեկտեմբերի 4-ին մեկ այլ՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնված կալանավոր Մհեր Եղիազարյանը: Նախնական տվյալներով փորձաքննության Եղիազարյանը մահացել է ինֆարկտից:

Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Մհեր Եղիազարյանը «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատուն էր, նաեւ եղել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը։