Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում մարտի 5-ին կայանալիք առաջիկա հանդիպման արդյունքները «կախված են Երեւանից»:

«Հունվարին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ հանդիպումների արդյունքում մնացել են բաց հացեր, որոնք որոշում է կայացվել քննարկել Սոչիում նախագահների մակարդակով հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

«Բոլոր միջնորդ երկրները շահագրգռված են ԼՂ խնդրի արագ կարգավորմամբ: Հիմնական հարցը Ադրբեջանի գրավյալ տարածքները Հայաստանի կողմից ազատելն է»,- նշել է Մամեդյարովն ու շարունակել. «Դեռ վաղ է խոսել, թե ինչ համաձայնության կարող են գալ կողմերը»:

Նա Սոչիի հանդիպումը գնահատել է որպես դրական ազդակ. «Կհասնե՞ն կողմերը առաջընթացի այդ հանդիպման ընթացքում՝ կախված է Հայաստանի դիրքորոշումից»:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Սանկտ-Պետերբուրգում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Այլ հարցերի շարքում, նրանք քննարկել են նաեւ ԼՂ խնդրի կարգավորման հարցը: