Ճգնաժամն այսօր հաղթահարված չէ, ինչը վկայում են նաեւ միջազգային քննարկումները։ Այսօր՝ փետրվարի 26-ին նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ծաղկաձորում ընթացքող «Կամուջ 2011» միջազգային տնտեսական 8-րդ համաժողովում։

Նկատենք, որ վերջին շրջանում սա վարչապետի կողմից առաջին նմանատիպ խոստովանությունն է՝ կառավարությունում ավելի հակված են համարել, որ Հայաստանը ճգնաժամից դուրս է եկել։

Տ. Սարգսյանի խոսքով՝ տնտեսական ճգնաժամը հնարավորություն տվեց նորացնել  հասարակություններն ու աշխարհակարգերը: Դասական իմաստով, ըստ վարչապետի, դա նույնիսկ կարելի է ճգնաժամ չհամարել, այլ վերափոխումների գործընթաց; «Այլեւս հին կատերգորիաներով աշխատելու իրավունք չկա, հին մեթոդները բերում են հին լուծումների, եւ ողջ աշխարհն էլ նոր լուծումներ է փնտրում»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Ըստ այդմ՝ ժամանակակից աշխարհի բազային պրոցեսը ոչ թե արտադրությունն է, այլ միտքը, ուստի կառավարությունը, տնտեսությունը զարգացնելու համար, պետք է հենվի դրա վրա:

«Նոր արժեքների հիմքում պետք է դրվի ստեղծագործող, մտածող մարդը»,- նշել է Տ. Սարգսյանը: