Բրուքլինում Metropolitan Detention Center (MDC) դաշնային քննչական մեկուսարանում մոտ 1600 բանտարկյալներ մեկ շաբաթ անցկացրել են առանց ջեռուցման եւ լուսավորության: Անցյալ հանգստյան օրերին բանտարկյալների հարյուրավոր ազգականներ եւ քաղաքական ակտիվիստներ բանտի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ պահման անմարդկային պայմանների, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նյու Յորքում անցյալ շաբաթ սառնամանիք էր, եւ փաստաբանների խոսքով, որոնց հաճախորդները հայտնվել են լույսից ու ջեռուցումից զրկված խցերում, բանտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ զրո կամ ավելի ցածր: Ընդ որում՝ դադարեցվել էին բանտարկյալներին ազգականների եւ փաստաբանների տեսակցությունները, փակվել էր հասանելիությունը բանտային խանութին, որտեղ կարելի էր լրացուցիչ հագուստ գնել:
Բանտի տնօրենը The New York Times պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ ուղղիչ հաստատությունում տեղի է ունեցել էլեկտրականության մասնակի անջատում, բայց հայտարարել է, որ դրա հետեւանքով բանտարկյալները չեն տուժել:
Բանտարկյալներն ուրբաթ սկսել են հարվածել պատուհաններին եւ պատերին՝ փողոցում գտնվող մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Շաբաթ բանտի շենքի մոտ է հավաքվել մի քանի հարյուր մարդ: Նրանցից ոմանք պաստառներ էին բռնել՝ իրենց հարազատներին ուղղված ուղերձներով՝ հուսալով, որ նրանք կտեսնեն խցերի պատուհաններից: Մյուսներն ակցիային եկել էին «Փակե՛ք բանտը» եւ «Խոշտանգումներ MDC!»-ում գրառումներով պաստառներով: Ազգականների խումբը ինչ-որ պահի փորձել է ներխուժել շենք, եւ նրանց դեմ պղպեղի գազ է կիրառվել:
Բողոքների ֆոնին բանտ են այցելել Նյու Յորքը ներկայացնող մի քանի օրենսդիրներ: Նրանց թվում է եղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեֆրի Նադլերը: Նա դատապարտել է բանտի ղեկավարությանը եւ պահանջել ստեղծված իրավիճակի հետ կապված շտապ միջոցներ ձեռնարկել:
Շաբաթ երեկոյան Նյու Յորքի արտակարգ իրավիճակների քաղաքային ծառայությունը դաշնային քննչական մեկուսարան է տարել գեներատորներ, վերմակներ եւ ձեռնոցներ: «Թվիթերում» այս մասին հայտնելով՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հավելել է. «Այնտեղ գտնվող մարդիկ անվտանգության եւ մարդկային արժանապատվության իրավունք ունեն: Մենք Բանտերի դաշնային բյուրոյին թույլ չենք տա նրանց դրանից զրկել: Նյու Յորքը պատրաստ է ցույց տալ հնարավոր ամեն տեսակի օգնություն»:
Կիրակի երեկոյան բանտի շենքում էլեկտրականության մատակարարումը մասամբ վերականգնվել է: Սակայն երկուշաբթի շենքը դարձյալ փակվել է փաստաբանների եւ այլ այցելուների համար, ուստի անկախ աղբյուրներից տեղեկություններ չկան:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը պատասխանատու է դաշնային բանտերի համար, հայտարարություն է տարածել, որում նշված է, որ շենքում էլեկտրականության, տաք ջրի մատակարարումը եւ ջեռուցումը վերականգնվել են:
Երեքշաբթի Նյու Յորքի դաշնային դատարանը մտադիր է լսումներ անցկացնել՝ նվիրված Metropolitan Detention Center-ում ստեղծված իրավիճակին եւ բանտի ղեկավարությունից պահանջել հավաստի տեղեկություններ ու իրավիճակի անհապաղ շտկում:





























