Ստոկհոլմում գտել են Կառլոս IX թագավորի եւ թագուհի Քրիստինայի երկու թագերը, որոնք գողացվել էին անհայտ անձանց կողմից Սթրենգնես քաղաքի տաճարից։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է շվեդական ոստիկանությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես նշվում է, արքայանշանների հետ շարունակում են աշխատել փորձագետները, որպեսզի հաստատեն դրանց իսկությունը, քանի որ 2018թ. օգոստոսին լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել էին, որ գողացված իրերը գտնվել են, բայց տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել։

Ոստիկանության տվյալներով՝ գողոնի արժեքը կազմում է 65 միլիոն շվեդական կրոն (6,5 մլն եվրո)։

2018թ. հուլիսի վերջին, օրվա կեսին Սթրենգնես քաղաքի տաճարից, որտեղ թաղված է Կառլոս IX-ը, գողացվել էին արքայանշաններ՝ թագավորի թագը, խաչակիր գունդը, ինչպես նաեւ նրա կնոջ՝ Քրիստինայի թագը, որը վախճանվել է 1625թ.։ Այս իրերը պահպանվում էին տաճարում եւ հսկվում էին ազդանշանման սարքերով։