Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը ներքաշվել է աղմուկի մեջ այն բանից հետո, երբ միջուկային ապառազմականացման ակտիվիստուհին նրան մեղադրել է սեռական բռնության մեջ՝ հայտնում է AP-ն։
Արիասը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ երբեք չի գործել որեւէ կնոջ կամքին հակառակ եւ իր գործունեության ընթացքում պայքարել է գենդերային հավասարության համար։
Semanario Universidad-ի հրապարակման համաձայն, 30-ամյա կինը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2014թ․ դեկտեմբերի 1-ին՝ նախկին նախագահի Սան Խոսեում գտնվող տանը, որտեղ ինքը եկել է իր գործի հետ կապված հանդիպման։
Նրա խոսքերով, Արիասը իրեն գրկել է հետեւից, ձեռք է տվել կրծքին, սկսել է համբուրել, իսկ ինքը նրան հիշեցրել է, որ ամուսնացած տղամարդ է։ «Ես վատ եմ հիշում, թե նա ինչ պատասխանեց, սակայն շարունակեց ձեռք տալ ինձ, մատները մտցնել հեշտոցիս մեջ, ձեռք գցել եւ համբուրել ինձ։ Այնուհետեւ նա խնդրեց սպասել եւ դուրս եկավ աշխատասենյակից։ Ես չգիտեի՝ ինչ անել։ Ես ինձ թակարդում էի զգում այդ պահին»,- ասել է կինը։ Այնուհետեւ իբր Արիասը կնոջն առաջարկել է այլ տեղ հանդիպել, կինը համաձայնել է եւ այդ պատրվակով հեռացել նրա տնից։
Արիասը Կոստա Ռիկայի նախագահ է եղել երկու անգամ՝ 1986-1990թթ․ եւ 2006-2010թթ․։ Նա 1987թ․ խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել՝ Կենտրոնական Ամերիկայի հարեւան երկրներում քաղաքացիական պատերազմները դադարեցնելու ջանքերի համար։





























