Ավստրիայի իշխանությունները պետք է 1,5 մլն եվրո վճարեն Բրաունաու նա Ին քաղաքում գտնվող Հիտլերի տան նախկին տիրուհուն: Փետրվարի 6-ին այս մասին հայտնել է dpa գործակալությունը՝ վկայկոչելով Ռիդ իմ Ինկրայս շրջանի դատարանի որոշումը, որը բավարարել է 68-ամյա կնոջ հայցը:
Ինչպես հայտնել է հայցվորի պաշտպանը, պետությունն իր պաշտպանյալին 310 հազար եվրո արդեն վճարել է ավտոտնակով եւ մի քանի կայանատեղիներով 3-հարկանի տան համար: Սական փորձագիտական նոր եզրակացությունը ցույց է տվել, որ նախնական արժեքը ցածր էր գնահատված: Ընդ որում՝ իրավաբանը շեշտել է, որ դատաքննությունն ավարտված չի համարում եւ մտադիր է դիմել դատական բարձր ատյաններ:
«Պոմերանցի մոտ» նախկին հյուրանոցի շենքի ազգայնացման մասին որոշումը, որտեղ Ադոլֆ Հիտլերը ծնվել է եւ մինչեւ 3 տարեկանն ապրել, Ավստրիայի կառավարությունն ընդունել է եւ խորհրդարանի աջակցությունն է ստացել 2016 թվականի դեկտեմբերին: Երկրի իշխանությունները որոշել են այս կերպ բացառել նացիոնալ-սոցիալիզմի գաղափարների քարոզչության նպատակով շենքի օգտագործման հնարավորությունը:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին շենքը վերածվել էր մշակույթի կենտրոնի: Ավստրիայից նացիստների նահանջից հետո փորձել են այն պայթեցնել, սակայն չեն հասցրել ամերիկացիների ճեղքման պատճառով: Պատերազմից հետո այստեղ նախ գրադարան է տեղակայվել, այնուհետեւ դպրոց, իսկ հետո հաշմանդամների համար արհեստանոց: 1952 թվականին շենքը տրվել է ներկայիս տերերի ընտանիքին որպես փոխհատուցում: 2011 թվականից այն դատարկ է:
Շենքի հետագա ճակատագիրն անհայտ է: 2016 թվականի հոկտեմբերին Ավստրիայի այդ ժամանակվա ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան Die Presse պորտալին հայտնել էր, որ շենքը կքանդվի մինչեւ հիմքերը, որի վրա հետագայում կարող են նոր շենք կառուցել, որը կօգտագործվի բարեգործական նպատակներով կամ պետական կարիքների համար: Սակայն դեռեւս չի ընդունվել վերջնական որոշում, քանի որ շենքը համարվում է XVII դարի ճարտարապետական հուշարձան: Այն 1993 թվականից մտնում է Զալցբուրգի արվարձանի ճարտարապետական խմբի մեջ եւ գտնվում է օրենքի պաշտպանության ներքո:




























