2010 թվականի 12 ամիսներին Հայաստանում գրանցվել է մանկապղծության 64 դեպք։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանը։

Նրա թեպետ դժվարացավ նշել՝ մանկապղծության դեպքեր ավելի շատ գրանցվում են մարզերում, թե մայրաքաղաքում, սակայն մտահոգություն հայտնեց, որ անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնություններն ավելի ու ավելի ահագնացող չափեր են ընդունում։

«Դեպքերը շատ-շատ են»,- նկատեց Շատվորյանը՝ անդրադառնալով հատկապես վերջին օրերում սոցիալական բլոգներում քննարկվող, Հրազդան քաղաքում տեղի ունեցած մասնավոր մի դեպքի, որի ժամանակ մայրը, 100 հազար դրամ պարտքի դեմ ջրի տեսուչին թույլ է տվել սեռական հարաբերության մեջ մտնել իր 12-ամյա աղջկա հետ։ «Ցավալի է, բայց փաստ։ Հանցագործն այսօր ազատության մեջ է։ Նրա համար դատավճռով անազատություն սահմանված չի եղել: Ավելին հանցագործը համաներման է արժանացել՝ չվճարելով անգամ օրենքով սահմանված 100 հազար դրամի չափով տուգանքը։ Քրեական պատասխանատվության չի ենթարկվել նաեւ երեխայի մայրը»,- տեղեկացրեց Ենոքյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ հրազդանցի կնոջ՝ «ջրի մարդուն» ունեցած պարտքը եղել է ոչ թե 100, այլ ընդամենը՝ տասը-տասնհինգ հազար դրամ, իսկ երեխան սեռական բռնությունների ենթարկվել է նաեւ նախկինում։

Հատկանշական է, որ վերջին տարիներին մանկապղծության դեպքերի ավելացման միտում նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Նշենք, որ օրերս Թուրքիայում մանկահասակ աղջկան բռնաբարելու գործով սկանդալային դատավճռիռ էր կայացվել։ 12-ամյա աղջկան տարիներ շարունակ բռնաբարել են տասնյակ տղամարդիկ։ Երեխային բռնաբարողների ցուցակում կա 26 անուն՝ առեւտրականներ եւ զինվորական սպաներ, բավականին բարեկեցիկ ու անվանի անուն ունեցող մարդիկ:

Ամենասկանդալային այս պատմության մեջ, դատավճռի հիմնավորումն է, որտեղ ասվում է, որ մեղադրյալները չեն կիրառել ոչ ուժ, ոչ սպառնալիք:

Հակառակը, զոհն ինքն է մեղավոր, որ բոլոր դեպքերում «լսող» է եղել եւ, փաստացի, զբաղվել է մարմնավաճառությամբ եւ իրեն անպարկեշտ է պահել:

Մանկապղծության մեկ այլ դեպք նախօրեին գրանցվել էր Մոսկվայում։ Մոսկվայի մանկական հիվանդանոցներից  մեկն ընդունել էր «շտապօգնության»  մեքենայով տեղափոխված 9-ամյա աղջնակի, ով եղել է Գերմանիայի հյուպատոսության աշխատակիցներից մեկի դուստրը:

Իրավապահ մարմիններից լրատվամիջոցին հայտնել են, թե ավելի ուշ պարզվել է, որ երեխայի նկատմամբ սեռական  բնույթի բռնություն է գործադրել գերմանական խոշոր ընկերություններից մեկի ռուսաստանյան ներկայացուցչության  65-ամյա տնօրենը, որը եւս Գերմանիայի քաղաքացի է եւ բնակվում է աղջնակի հետ հարեւանությամբ:

Հատկանշական է, որ եթե աշխարհի զարգացած երկրներում մանկապղծության համար առավելագույն պատժաչափեր են կիրառվում, Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տվողներին դատապարտում են առավելագույնը 2 տարվա ազատազրկման: