Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չի ժխտում, որ Մաքսային օրենսգիրքը բացեր ունի, արդարացի չէ եւ պետք է փոփոխության ենթարկվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին հրավիրած ասուլիսում հայտարարել է նախարարը: Սակայն նա հրաժարվել է «քննարկել մաքսային քաղաքականության արդյունավետության խնդիրները»։

Նախարար Գաբրիելյանն ասուլիս էր հրավիրել լուսաբանելու վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման նոր կարգը, մասնավորապես՝ արտոնյալ վարկի տրամադրումը։

Հարցին, թե ինչո՞ւ անձնական նպատակներով մեքենաների ներմուծումը հարկվում է նույն կերպ, ինչպես առեւտրային (տնտեսական գործունեության) նպատակներով մեքենաների ներմուծումը, նախարարն ասաց, որ դա կարգավորելու համար պատգամավորները կարող են օրենսդրական առաջարկություններ ներկայացնել։

Մեկ այլ հարց կապված էր մաքսային մարմինների աշխատանքի հետ, որոնց միջոցով էլ տարիներ շարունակ որոշ մարդիկ կարողացել են անվերջ երկարաձգել մեքենաների «ժամանակավոր ներմուծումը»։ Վ. Գաբրիելյանն այս հարցի հետ կապված էլ ասաց, որ որոշ մարդիկ տարօրինակ կերպով տարին մեկ փոխում են մեքենայի սեփականատիրոջը, առավել հաճախ մեքենան գրանցելով Վրաստանի քաղաքացիների անունով։

Հիշեցնենք, որ կառավարության փետրվարի 24-ի նիստում որոշում է ընդունել հարկային արտոնյալ ռեժիմ հաստատել սոցիալական որոշ խմբերի կողմից ավտոմեքենա ներմուծելու համար։

Խնդիրը առաջացել է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների հետ կապված, որոնց մաքսազերծման նոր կարգը դժգոհություն էր առաջացրել Շիրակի ու Լոռու մարզի ավտոսեփականատերերի շրջանում, քանի որ կառավարությունն արգելել է օգտվել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմից։