2011 թ. փետրվարի 9-ից սահմանափակվել է մեքենաների վարման ռեժիմը՝ վրացական համարանիշներով մեքենաները պարտադիր պետք է մաքսազերծվեն; Այսօր՝ փետրվարի 28-ին կայացած ասուլիսում նման հայտարարություն արեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Մոտ 4-5 հազար մեքենաների մասին է խոսքը։ Եթե 15 օրից ավելի գտնվում են Հայաստանում՝ պետք է անպայման մաքսազերծվեն»,- ասաց Վ. Գաբրիելյանը։

Նա հիշեցրեց, որ սոցիալապես անապահով որոշ խավերի համար կառավարությունը մաքսազերծման արտոնյալ ռեժիմ է սահմանել՝ հնարավորություն տալով մաքսազերծման գումարը վճարել 6 ամսվա ընթացքում։ Դա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր մեքենան ներմուծել են մինչեւ 2011 թ. հունվարի 26-ը։

Անտոկոս վարկ ստանալու համար քաղաքացին պետության հետ պետք է կնքի պայմանագիր։ Դրա համար մարզերի բնակիչները նախ պետք է դիմեն մաքսակետ՝ ստանալու մաքսային ամփոփագիր։ Այնուհետեւ պետք է այցելեն մարզպետարան՝ կնքելու պայմանագիր։ Դրանից հետո Երեւանի մասնագիտացված մաքսատանը պետք է իրականացնել մեքենայի մաքսազերծումը, իսկ ճանապարհային ոստիկանությունում՝ մեքենայի գրանցումը։

Երեւանում ավտոմեքենա ներմուծողները պետք է դիմեն ոչ թե քաղաքապետարանին, այլ անմիջապես ֆինանսների նախարարությանը։

Անտոկոս վարկի ձեւակերպման համար անհրաժեշտ է գրավադրել ավտոմեքենան։ 

Հիշեցնենք, որ կառավարության փետրվարի 24-ի նիստում որոշում է ընդունել հարկային արտոնյալ ռեժիմ հաստատել սոցիալական որոշ խմբերի կողմից ավտոմեքենա ներմուծելու համար:

Խնդիրը առաջացել է վրացական համարանիշներով ավտոմեքենաների հետ կապված, որոնց մաքսազերծման նոր կարգը դժգոհություն էր առաջացրել Շիրակի ու Լոռու մարզի ավտոսեփականատերերի շրջանում, քանի որ կառավարությունն արգելել է օգտվել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմից։

Մարտի 1-ից սոցիալապես խոցելի խավերը ավտոմեքենա ներմուծելիս մաքսազերծում կիրականացնեն համեմատաբար թեթեւ ռեժիմով։ 5 տարի եւ ավելի վաղեմություն ունեցող ավտոմեքենաները կմաքսազերծվեն մինչեւ 5 մլն դրամ մաքսային արժեքով, այդ անձինք կստանան 6-ամսյա անտոկոս վարկավորում, այսինքն՝ հնարավորություն մաքսազերծման գումարը վճարել 6 ամսվա ընթացքում։