Եվրոպայում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը՝ կապված ՄՓՀՀՊ շուրջ իրավիճակի հետ, Բելառուսի համար աղետ կդառնա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Նրա խոսքով՝ այս թեման, ի թիվս այլոց, քննարկվել է Ռուսաստնաի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ: Լուկաշենկոն շեշտել է, որ ռուսական կողմին հավատում է այն հարցում, որ ինքը համապատասխան պայմանագիրը չի խախտել:

Ինչ վերաբերում է Բելառուսի անվտանգության համար պոտենցիալ սպառնալիքին՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ «դա աղետ է, հատկապես մեզ համար»: Նրա խոսքով՝ կարծիք կա, որ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ դուրս գալը ուղղված է, այդ թվում, նաեւ Չինաստանի դեմ, որն այդպիսի զենք ունի, բայց պայմանագրին չի միացել: «Իհարկե, այդ հրթիռները Խաղաղ օվկիանոսով բաց չես թողնի եւ դրանցով Ամերիկային հարված չես հասցնի: Ամերիկացիներն առաջին հերթին մտածում են Խաղաղ օվկիանոսի շրջանում իրենց դաշնակիցների մասին՝ Կորեայի, Ճապոնիայի, այնտեղ ստեղծված իրենց ամերիկյան բազաների»,- նշել է նա:

«Բայց ես վախենում եմ, որ ամերիկացիները կօգտվեն պահից՝ կխզեն այդ պայմանագիրը եւ Եվրոպայում հրթիռներ կտեղակայեն: Հետեւաբար մենք պետք է Ռուսաստանի հետ մտածենք պատասխան միջոցների մասին: Եթե դա տեղի ունենա, դրանից ոչ մի տեղ չես փախչի: Իսկ ավելի վատթար կլինի, եթե այդ հրթիռները տեղակայվեն (Աստված մի արասցե, տեսականորեն) Ուկրաինայում: Այս պատճառով իմ պատասխանը միանշանակ է՝ ես կտրականապես դեմ եմ ՄՓՀՀՊ խզմանը: Մենք խոշոր պետությունների այդ պարզաբանումների կարիքը չունենք, որոնցից, պատմությունից ելնելով, մշտապես մենք ենք տուժել»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ, կգնա Եվրոպայում նման հրթիռների տեղակայմանը. «Ինձ թվում է, որ չնայած Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարում է, որ իրենք չեն պատրաստվում այդ հրթիռները Եվրոպայում տեղակայել, դա պարզապես բլեֆ է: Հակառակ դեպքում, ինչու դուրս գալ: Ինչո՞ւ խզել այդ պայմանագիրը: Անհրաժեշտ էր Չինաստանի հետ համաձայնության գալ եւ նրան միացնել [պայմանագրին], եթե խոսքը Չինաստանի մասին է»: