Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան փոփոխություններ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ըստ էության, առաջարկվում է ազատագրված տարածքների դիմաց Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը:

«Խնդիրն այն է, որ ոչ հայերը, ոչ էլ ադրբեջանական կողմը համաձայն չեն առաջարկվող տարբերակների հետ: Երկար ժամանակ Ադրբեջանը անպիսի  կողմ էր, որը մերժում էր խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջարկը: Հիմա, կարծես թե, Հայաստանն է ստանձնել այդ դերը», - նշեց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը գործում է այնպիսի  տրամաբանությամբ, ըստ որի  համանախագահները առաջարկում են հակամարտության լուծման տարբերակներ, իսկ կողմերը կամ համաձայնվում են կամ իրենց ուղղումներն են կատարում կամ մերժում են:

«Առանձնահատկությունն այն է, որ ստատուս քվոյի պահպանման գործառույթը փոխանցել է հայկական կողմին: Եթե նախկինում այդ դերը կատարում էր  Իլհամ Ալիեւը, ապա այսօր այն կատարում է Նիկոլ Փաշինյանը: Դրա համար նա ունի ներքին լեգիտիմություն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն այդ իմաստով խոցելի էր: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը հանդես կգա որպես կողմ, որը որոշակի առաջարկություններին ի պատասխան «ոչ» կասի», - նկատեց  փորձագետը: