Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի առաջին նախագահի եւ ներկայիս իշխանությունների քաղաքականության միջեւ նմանություններ չկան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ նրա, առանձնահատկությունն այն է, որ գերտերությունների փոխհարաբերությունները փոխվել են, ինչը ազդում է կարգավորման գործընթացի վրա:

«Եթե նախկինում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ որոշակի փոխըմբռնում կար, այժմ հարաբերություններում լարվածություն կա: Այսօր, ըստ էության, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վերադարձել են 1985-ին, այսինքն՝ սառը պատերազմի վերջին տարի, երբ ստորագրվեց միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը», - նշեց նա:

Փորձագետն ընդգծեց, որ դա հանգեցրեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում ստորագրված փաստաթղթերի իրավական բազայի վերանայմանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք իշխանությունները հստակորեն հայտարարում էին Ռուսաստանի շահերին ծառայելու մասին՝ որպես առաջնահերթություններից մեկը: Այդ ժամանակ այդ դիրքորոշումը Արեւմուտքի շահերի հետ նման կտրուկ հակասություն չէր առաջացնում: Այսօր Նիկոլ Փաշինյանը զրկված է Ռուսաստանի շահերին ծառայելու հնարավորությունից այնպես, որպեսզի դա չհակասի ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների շահերին», - ասաց նա: