Հակառակորդի յուրաքանչյուր հանդուգն արարքի դեպքում հայկական զինուժը ոչ միայն հարկադրաբար լռեցնում է ոսոխի կրակակետերը, այլև մշակված զորային հատուկ գործողություններով ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ հակառակորդը երկարատև ժամանակ տվյալ ուղղությունում զերծ է մնում որևէ գործողություն կատարելու հնարավորությունից։ Այս մասին NEWS.am–ի  զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի այն հայտարարությանը, թե 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկները չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ։ 

«Տվյալ հատուկ միջոցառումների հմտությունները մշտապես կատարելագործվում են և գտնվում են հրամանատարության ամենօրյա խիստ հսկողության ներքո: Եվ շատ կարևոր հանգամանք՝ կապված 6 ամիս վարժանքների մասնակցած և ոչ փորձառու հայ դիրքապահների վերաբերյալ: Պարոն Պողոսյան, վերը նշված հատուկ և պատժիչ գործողությունների գլխավոր դերակատարներն են հանդիսանում հենց Ձեր նշած «վառոդի հոտին չտրանսֆորմացված» ժամկետային զինծառայողները, որոնք սպայակազմի և ավագ զինծառայողների անմիջական ուղղորդմամբ և նրանց հարուստ մարտական հերթապահության փորձի գործնական գիտելիքների կիրառմամբ ցուցաբերում են փայլուն արդյունքներ»,– ասաց նա։

Սամվել Ասատրյանը նշեց, որ «6 ամիս վարժանքների մասնակցած և ոչ փորձառու» զինվորներն ամենօրյա մասնագիտական տեսական և գործնական պարապմունքների ընթացքում (մինչև մարտական հերթապահության ընդգրկումը) գերազանց ադապտացվում, լսում և ճանաչում են հակառակորդի կողմից օգտագործվող զինատեսակների կիրառման ընթացքում արձակած ձայները. «Հանրության մեջ թող չստեղծվի այնպիսի կարծիք, թե առաջնագծում, ինչպես նշում է պարոն Պողոսյանը, գտնվում են միայն «6 ամիս վարժանքների մասնակցած և ոչ փորձառու» զինծառայողներ: Նրանց հետ միասին մարտական հերթապահության են մշտապես ընդգրկված և ընդգրկված են եղել փորձառու սպայակազմը և նորակոչիկների ժամկետային զինծառայության ավագ ընկերները»։

Սամվել Ասատրյանը նաեւ հորդորով դիմեց նախագահի խորհրդականին. «Մարտական հերթապահության կազմակերպման և պատշաճ մակարդակով իրականացման խնդիրները մշտապես ղեկավարվում և գտնվում են երկրի բարձրաստիճան զինվորական ղեկավարության ուշադրության կիզակետում: Եվ այդ օղակում չգտնվող և իրավիճակին թերի գնահատական տվող անձնավորության մեկնաբանություններն տվյալ իրավիճակում հանրության մեջ ստեղծում է սխալ կարծիք զինված ուժերի հեղինակության վերաբերյալ»։