Մյուզիքլների հանրաճանաչ հոլիվուդյան ռեժիսոր, 1950-ականների կուլտային «Անձրեւի տակ երգողները» մյուզիքլի համառեժիսոր Սթենլի Դոնենը մահացել է 94 տարեկան հասակում, հաղորդում է Hollywood Reporter-ը:

Նրա որդիներ Ջոշուա եւ Մարկ Դոնենները հայտնել են Associated Press գործակալությանը, որ իրենց հայրը մահացել է սրտի կաթվածից հինգշաբթի Մանհեթենում:

Սթենլի Դոնենը Հոլիվուդի հիմնասյուներից մեկն էր, որի ներդրումն ամերիկյան մյուզիքլում իսկապես անգնահատելի է:

Նրա առավել հայտնի գործերից են «Թագավորական հարսանիքը», «Յոթ հարսնացու յոթ եղբայրների համար», «Զվարճալի մռութիկը»:

1998 թվականին հայտնի ռեժիսորն արժանացել է «Օսկար» մրցանակի «նրբագեղ, էլեգանտ, սրամիտ եւ վիզուալ նորարարությամբ տարբերվող աշխատանքի համար»: