Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ հարուցված քրեական գործով ոչ մի նորություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ այստեղ միտում է ինքը տեսնում։
«2017 թվականի սեպտեմբերի 25-ից մինչեւ հիմա մենք Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից միայն մեկ անգիր արած ֆրազ ենք լսում՝ ուսումնասիրությունները շարունակվում են։ Հետհեղափոխական շրջանում ԵՊՀ–ում եւ այլ ուսումնական հաստատություններում տարբեր քրեական գործեր հարուցվեցին, ահռելի գումարներ հետ բերվեցին, բայց ինչպես տեսնում ենք՝ ՇՊՀ-ին իշխանության ձեռքերը մինչեւ հիմա չի հասնում։ Չի հասնում, որովհետեւ էլի եմ կրկնում, կարող է սուբյեկտիվ կարծիք եմ ասում, Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած են ուժեղ մարդիկ, այժմ էլ նա համագործակցում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հետ, եւ ամեն ինչ անում են, որ ՇՊՀ-ում մեր կողմից բարձրաձայնված հանցագործությունները եւ անօրինականությունները չբացահայտվեն»,– ասաց նա։
ՇՊՀ դասախոսը նախկին ռեկտորին առաջադրված մի քանի մեղադրանքների օրինակ բերեց եւ նշեց, որ դրանց բացահայտումը ժամերի խնդիր է. «Պարոն Մինասյանը 1.5 միլիոնի դրամի փոխարեն 6 միլիոն դրամ է տրամադրել Հայաստանի երիտասարդական հինադրամին, բայց չեն կարողանում բացահայտել։ Բացահայտ դիմել են պաշտոնական դիրքի չարաշահման եւ փաստաթղթերի կեղծման, սակայն ոչինչ չեն կարողանում բացահայտել»։
Նշենք, որ ամիսներ առաջ ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բարձրաձայնեցին նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասին։ Նրանց հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն դեռեւս արդյունք չկա։ Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է դասավանդել համալսարանաում։





























