ԱՄՆ-ն փորձում է պարտադրել Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքը (MESA, «Արաբական ՆԱՏՕ-ի պաշտոնական անվանումը), չնայած ձեւաչափի հնարավոր մասնակիցների լրջագույն կասկածներին: Երկուշաբթի Վիետնամի Դիվանագիտական ակադեմիայի գործընկերությամբ «Վալդայ» բանավեճերի միջազգային ակումբի կազմակերպած «Անհանգիստ աշխարհում միջազգային համագործակցությունը» թեմայով համաժողովում ելույթ ունենալիս այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեն «աշխարհաքաղաքական լանդշաֆտն այնպես վերադասավորելու փորձեր, որպեսզի խոչընդոտեն իրադարձությունների բնական ընթացքին, ջանան զսպել աճի նոր կենտրոնների ձեւավորումը. «Օրինակներից է Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքը, որը հիմա [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] վարչակազմը, հաղթահարելով պոտենցիալ անդամների կասկածները, փորձում է պարտադրել Պարսից ծոցի երկրներին՝ հավելած Հորդանանը, Եգիպտոսը, այս նախաձեռնության շուրջ իր շահերն է պաշտպանում նաեւ Իսրայելը»:

«Եվս մեկ արհեստականորեն արմատավորված հայեցակարգ է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որն ամերիկացիները սկսել են առաջ մղել Ճապոնիայի եւ Ավստրալիայի հետ՝ Չինաստանին զսպելու ակնհայտ ենթատեքստով: Այսինքն՝ Հնդկաստանին ներգրավել ռազմա-քաղաքական, ռազմա-ծովային գործընթացների մեջ,- ուշադրություն է հրավիրել ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: - Հայեցակարգ, որը խափանում է բոլոր այն ձեւաչափերի ասեանակենտրոնությունը [ԱՍԵԱՆ՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա], որոնք այս տարածաշրջանում ստեղծվել են»:

«Ցանկանում եմ համեմատել բնական գործընթացները, որոնք երկրներին ինտեգրում են շահերի համընկնման հիմքով, եւ արհեստական գործընթացները, որոնք փորձում են երկրներին ուժով ստիպել զբաղվել ինչ-որ համատեղ աշխատանքով՝ մեկ աշխարհաքաղաքականորեն կողմնորոշված տերության շահերի շրջանակում»,- շեշտել է Լավրովը:

Ըստ մտահղացման՝ ԱՄՆ-ն նախատեսում է «արաբական ՆԱՏՕ-ի» մեջ ներառել Պարսից ծոցի 6 երկրների (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Սաուդյան Արաբիա), ինչպես նաեւ Հորդանանին եւ Եգիպտոսին: Հունվարի կեսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շրջագայել էր այս երկրներով՝ դրանց առաջնորդների հետ բանակցությունների շարք անցկացնելով: Ուղեւորության գլխավոր խնդիրներից մեկը MESА-ի ստեղծման համար 8 երկրների դիրքորոշումների մերձեցումն էր: Կոալիցիայի նպատակն է տարածաշրջանում սպառնալիքներին հակազդումը եւ տնտեսական ու էներգետիկ համագործակցության ակտիվացումը: