Էրեբունիում այս գիշեր հնչած կրակոցների հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 28–ամյա Կարո Կարապետյանի վիճակը ծանր է, նա գտնվում է «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում։
Մուրադյանի խոսքով՝ հիվանդի վիճակը որոշակիորեն կայունացել է և հետազոտության արդյունքներից ելնելով կորոշվի՝ վիրահատական մջամտության կարիք կա, թե՞ ոչ։
«Ազդրի հրազենային վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխած մյուս տուժածի վիճակը բժիշկների գնահատմամբ՝ բավարար է։
Կրակոցների հետևանքով տուժած երիտասարդներից մեկն էլ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
NEWS.am–ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ–ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը հայտնեց, որ երիտասարդն իրենց մոտ է տեղափոխվել թևատակի զարկերակի վնասվածքով։
«Տուժածը ենթարկվել է վիրահատության, վիճակը համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը»,–ասաց նա՝ նշելով, որ տուժածը պետք է վերականգնողական բուժում անցնի։
Հիշեցնենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Էրեբունիi «ՏԷՑ» կոչվող վայրում, ինչի հետևանքով տարբեր ԲԿ–ներ են տեղափոխվել 3 անձինք։
Բժիշկներից ստացված տեղեկանքների համաձայն՝ տուժողներից եւ ոչ մեկն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու։
Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Վերոհիշյալ երեք երիտասարդները ճանաչվել են տուժող:





























