Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգը թույլ է տալիս օպերատիվորեն եւ համարժեք արձագանքել բոլոր հնարավոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Ներկայումս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ ուժերով ստեղծվել է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգ, որի պատասխանատվության գոտու մեջ է մտնում Հայաստանի ամբողջ տարածքը եւ ՌԴ Հարավային դաշնային օկրուգի մեծ մասը:

Հետախուզության եւ տարածաշրջանի օդային տարածքի վերահսկման խնդիրների հաջող լուծման համար Հայաստանի տարածքում տեղակայված ՀՕՊ տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը) ստանում են կառավարման, տեղեկությունների հավաքման ու մշակման ավտոմատացման միջոցներ, ինչպես նաեւ նորագույն ռադիոտեղորոշման համակարգեր եւ հետախուզության օպտիկական-էլեկտրոնային միջոցներ: Դրանք թույլ են տալիս մինչեւ 30 կմ բարձրությամբ հայտնաբերել օդային թիրախների բոլոր տեսակները եւ լիովին վերահսկել մերձավոր ու հեռավոր օդային իրադրությունը (մինչեւ 300-400 կմ): Ռուսական բաղադրիչի հաշվին Հայաստանի համար նաեւ հնարավորություն է հայտնվել ժամանակի իրական մասշտաբում օգտագործելու տիեզերական հետախուզության տվյալները:

Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդհանուր առմամբ, զգալիորեն կամրապնդվի կարեւորագույն օբյեկտների եւ ուղղությունների զենիթահրթիռային պաշտպանությունը, Հայաստանի ՀՕՊ զորքերը եւ ռուսական ռազմաբազան կվերազինվեն սպառազինության ժամանակակից համակարգերով, ինչպես՝ Անթեյ-2500-ը, «Բուկ Մ2»-ը, «Պանցիր ՍՄ-2»-ը եւ «Տոր Մ2Ու»-ն: Զենիթային համալիրների արդիականացման հաշվին ստեղծվել է արդյունավետ (այդ թվում՝ նաեւ ծախսերի առումով) անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ: ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգը թույլ է տվել Հայաստանի տարածքում ստեղծել ՀՕՊ ավիացիոն-կործանիչ բաղադրիչ, որի հիմքն են կազմում ՄիԳ-29 եւ ժամանակակից Սու-30ՍՄ օդանավերը:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգը նաեւ թույլ է տալիս օպերատիվորեն եւ համարժեք արձագանքել տարածաշրջանի օդատիեզերական միջավայրում բոլոր հնարավոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին եւ շարժիչ է համարվում ազգային ՀՕՊ ու ընդհանրապես պետության անվտանգության զարգացման եւ ամրապնդման համար: