ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գորիսում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։

Հայաստանի ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։

ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքը առանձին մուտքով առանձնացվել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքից և հիմնովին վերանորոգվել:

Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով:

Բաժինն ունի 8 աշխատանքային սենյակ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը միջոց է՝ քննության արդյունավետությունը, որակը բարձրացնելու համար:

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ: