Մի քանի օր է՝ հետեւում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ի՞նչ նկատի ունեմ։ Եթե մոռանում ենք անունները եւ օգտագործում ենք X-եր եւ Y-ներ, ապա իրավիճակը մոտավոր հետեւյալ տեսքն ունի։
1. X համալսարանի ռեկտոր Y-ն իշխող քաղաքական ուժի կողմնակից չէ։
2. կարեւորագույն ստուգող մարմնի (այսուհետ՝ ՊՎԾ) ղեկավար Z-ը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու X համալսարանում։
3. ՊՎԾ-ն սկսում է մեծածավալ ստուգումներ X համալսարանում, որոնք տեւում են ամիսներ։
4. Նախքան ստուգումների արդյունքները ստուգվողին նկատառումների համար ներկայացնելը՝ Z-ը հրապարակավ հայտարարում է մոտ 2մլն$ չարաշահումներ հայտնաբերելու մասին, եւ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։
5. Y-ը հրապարակավ հանգամանալից բացատրություններ է ներկայացնում՝ հիմնավորելով չարաշահումների բացակայությունը։
6. Փոխվում է X համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ 50%-ով կազմված իշխող քաղաքական ուժի նշանակած անձանցից։ Այն միաձայն հաստատում է ռեկտոր Y-ի տարեկան հաշվետվությունը։
7. Իշխող քաղաքական ուժը ներկայացնող Կրթության նախարարը հորդորում է ռեկտոր X-ին հրաժարական տալ։
8. Ռեկտոր X-ը հանրայնացնում է հորդորը եւ հայտարարում, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
9. Հաջորդ օրը Ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ X համալսարանում չարաշահումների վերաբերյալ 3 դրվագով։ Դրվագներից առնվազն մեկը ակնհայտ անհիմն է։ «Չարաշահումների» հայտարած ծվավալը նվազել է մինչեւ 0.05մլն$ է:
10. Երկու օր հետո Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվում՝ ռեկտոր X-ին պաշտոնանկ անելու օրակարգով։
Փաստերի այս նկարագրության շրջանակում ո՞վ է պատրաստ հրապարակավ փաստարկել, որ գործ չունենք քաղաքական (լայն առումով) հաշվեհարդարի կամ քաղաքական (լայն առումով) հետապնդման հետ։ Ո՞վ է պատրաստ հրապարակավ կամ թեկուզ ոչ հրապարակավ բանավիճել։
Վաղը ժամը 12։40-ից մեկ ժամով լինելու եմ Համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց, եւ պատրաստ եմ եղած վիճակի բազմակողմանի ու շիտակ քննարկման։
Կարեւոր նկատառում։ Ես Արամ Սիմոնյանին չէ, որ պաշտպանում եմ։ 2006-ին ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակից ի վեր այս հարցում իմ դիրքորոշումը չի փոխվել։ Իմացողները գիտեն։ Ես պաշտպանում եմ իրավական մշակույթը եւ Համալսարանի շահը։ Սա անձի խնդիր չէ, այլ հաստատության։ Կարեւորագույն ազգային-կրթական հաստատության։
ՀԳ. Ամեն ինչին ձեւ կա, չափ ու սահման կա։





























