Մենք գերադասում ենք հիմա իրազեկել արտաքին աշխարհին, թե ինչի շուրջ կարող են ՀՀ վարչապետի հետ բանակցել, եւ որ հարցում վարչապետը չի կարող գնալ զիջումների, որովհետեւ դրան դեմ է հայ ազգը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Չոբանյանը՝  անդրադառնալով փետրվարի 26-ին Երեւանում անցկացվելիք «Հողեր չունենք տալու» կարգախոսով հայահավաքի նպատակին։

«Օրը ընտրել ենք փետրվարի 26-ը, որովհետեւ այդ ժամանակ սկսեցին Սումգայիթի ջարդերը, եւ սա ապացույցն է այն բանի, որ մենք չպետք է խաղաղություն մուրանք»,–նշեց նա։

Տիգրան Չոբանյանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգիչ է համարում. «Անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ ենք լսում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ առաջին դեմքից, այնուամենայնիվ, «տարածքներ խաղաղության դիմաց» թեզի շրջանառությունը համացանցում շատ ակտիվ է»։

Հանրահավաքի նախաձեռնող խմբի անդամի խոսքով՝ մեկ այլ անհանգստության առիթ է տալիս ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե բանակցություններ չեն ընթանում, մինչդեռ «արտասահմանյան մամուլն ասվում է, որ ոչ միայն բանակցություններն ընթանում են, այլ նաեւ նշվում է, թե ինչի շուրջ են դրանք ընթանում»։