Փորձագետները վարկանիշ են կազմել, որի մեջ են մտել ժանգով ամենաարագ ծածկվող ավտոմեքենաները, հայտնում է Carsweek.ru-ը:
«Հակավարկանիշի» առաջնորդն է դարձել Ուլյանովսկի ավտոգործարանի ամենատարածված մոդելը՝ ՈՒԱԶ «Պատրիոտը»: Այս ավտոմեքենայի ժանգի հետ կապված խնդիրները առակ են դարձել: Գործարանից հայտնում են ներկի որակի կատարելագործման մասին: Սակայն այն գնելիս ավելի լավ է ապահովագրվել եւ մշակել բոլոր խնդրահարույց տեղերը:
Երկրորդ տեղը բաժին է ընկել չինական Lifan X60-ին: Հարկ է ուշադրություն դարձնել, որ խոսքը մոդելի առաջին սերնդի մասին է: Այս մեքենաների գնորդները գանգատվում էին լաքաներկային ծածկույթի խնդիրներից: Կոմպակտ-քրոսի նոր գեներացիաները նման թերության հետ չեն բախվում. արտադրողը աշխատել է երկաթի որակի վրա, արդիականացրել աստառապատման եւ ներկման տեխնոլոգիան:
Փորձագետները երրորդ տեղը հատկացրել են ռուսական LADA Granta-ին: Մեքենայի վրա ներկն ընդհանուր առմամբ նորմալ է պահպանվում: Ավտոտերերը բողոքում են կախոցի տարրերից եւ նույնիսկ մշակելուց հետո ճեղքվածքների ժանգով ծածկվելուց:
Չորրորդ տեղում է Renault Duster-ը: Այս մեքենայի խնդիրները երեւան են գալիս վատ ճանապարհներին երթեւեկելիս: Նման շահագործման դեպքում տուժում է թափքի մասերի զոդման միակցումների տեղը՝ բարակ շերտի պատճառով այն քերծվում է եւ ջարդվում: Տխուր վարկանիշի հնգյակը եզրափակում է չինական ավտոարդյունաբերության եւս մեկ ներկայացուցիչ Geely Emgrand X7-ը: Թափքի վրա ժանգը հայտնվում է ջրի եւ մեծ խոնավության պատճառով: Ուստի ռուսական կլիմայի պայմաններում վարորդներն առաջին նարնջագույն բծերը նկատում են արդեն 10 հազար կմ վազքից հետո:



























