Աշխարհի բոլոր երկրները, բացի մեկից` Ադրբեջանից, աջակցում էին հայ-թուրքական գործընթացին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական «Der Standard»-ին տված հարցազրույցում:
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը իրավացի է: Հարաբերությունների կարգավորումը կարող էր օգտակար լինել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ Ադրբեջանն այս տարածաշրջանի մաս է կազմում»,- նշել է Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե Ինչքանո՞վ է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական գործընկերն ու էներգիայի աղբյուրը, վնաս հասցրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է վերակենդանացնել ցյուրիխյան արձանագրությունները, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Գոյություն ունի միայն մեկ ուղի, եւ ոչ թե մի քանի: Մենք ստորագրել ենք արձանագրությունները եւ մենք պետք է դրանք վավերացնենք եւ իրականացնենք առանց որեւէ նախապայմանների` համաձայն pacta sunt servanda սկզբունքի»:
Հարցին, հնարավոր կլինի՞ արդյոք դա այն բանից հետո, երբ հունիսին Թուրքիայում կայանան խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի ԱԳ նախարարը հեգնել է. «Խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն ուրիշ ընտրություններ: Եթե պատճառ ես փնտրում վավերացումը հետաձգելու համար, ապա միշտ կարող ես այն գտնել: Կարծում եմ՝ այսօր թուրքական հասարակությունը մի կողմից ավելի շատ է տրամադրված աջակցելու կարգավորմանը, իսկ մյուս կողմից, ավելի ըմբռնող է անցյալի նկատմամբ:
Բանակցությունների մեկնարկն ու արձանագրությունների ստորագրումը նոր պատուհաններ բացեցին: Անցյալ տարի առաջին անգամ մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին թուրքական քաղաքներում Հայոց ցեղասպանության օրը հիշատակելու համար: Ավելի քան 30 հազար թուրք քաղաքացիներ ստորագրեցին մի խնդրագիր, որով ներողություն էին խնդրում հայ ժողովրդից»:




























