Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Պորտուգալիայի դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուին (Paulo Vizeu Pinheiro)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպան Պինեյրուին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների աշխուժացման համար։

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ԱԳՆ-ների միջեւ համագործակցության խորացմանը, առեւտրատնեսական համագործակցության զարգացմանը, միջազգային կառույցներում, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ հատկապես ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկմանը վերաբերող հարցերը։ Դեսպանի խնդրանքով Ավետ Ադոնցը խոսեց տարածաշրջանային զարգացումների եւ ԼՂ կարգավորման գործընթացի մասին։