Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր տանը սպառած էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վարձավճարների տասնապատիկ ավելացման պատճառների նախնական վարկած ունի։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

«Պաշտոնական պատասխան դեռեւս չի եղել, բայց պարզաբանել են, մոտավորապես, այսպես, որ երկու տարի առաջ ինչ–որ ժամանակահատված է եղել, որ վարձերը չեն հաշվել կամ քիչ են հաշվել, 2 տարի հետո պարզել են, որ տեսուչի մեղավորությամբ քիչ հաշվարկ է եղել եւ վերահաշվարկ է կատարվել, նախնական այսպիսի վարկած կա, սակայն դեռեւս պաշտոնական պատասխան չկա, որպեսզի ըստ այդմ հետագա քայլեր ձեռնարկենք»,–նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ մինչև այդ իրենք ամեն ամիս վճարել են 20-30 հազար դրամ, իսկ հունվար ամսին՝ 280 հազար դրամ։

«Ես այսքան էլ ողջամիտ չեմ համարում 2 տարի առաջվա սխալ արձանագրումը, հնարավոր է՝ պաշտոնական պատասխանն այլ լինի, հնարավոր է՝ տեխնիկական լինի, այս ամենն ուղղվի, դրա համար չեմ ուզում կարծիք կազմեմ, սպասենք պաշտոնական պատասխանին»,–եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ պատգամավորը ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենց  տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելի է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ «Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը կարծես բազմակի են դարձել, նույնը նաեւ գազի մասով։ Եթե վերջին մեկ ամսում եղել են նման դեպքեր, խնդրում եմ արձագանքել»։

Նրան էին միացել մի շարք քաղաքացիներ, որոնք եւս բարձրաձայնում էին, որ մի քանի անգամ ավելի է եղել գազի եւ էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վարձավճարները։

«Հայաստանի էլեկտրական ցանցերից» NEWS.am-ին հայտնեցին, որ ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի եւ վճարումների հետ. «Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ»:

«Գազպրոմ Արմենիայից» խնդրի առնչությամբ նշեցին, որ սպառված բնական գազի դիմաց հաշվեգրված գումարների հետ որոշ բաժանորդների կողմից անհամաձայնությունները պարբերաբար բարձրաձայնվում են՝ հատկապես ջեռուցման ժամանակաշրջանում: