Իսպանիայում ստեղծվել է աշխարհում առաջին բջջային հավելվածը, որը կօգնի ծնողներին ավելի արդյունավետ անցկացնել ժամանակը երեխաների հետ։ Այն կոչվում է Hazte pequeño («Դարձիր փոքր»), տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Դա խաղերի հավաքածու է կյանքի բոլոր դեպքերի համար, մանկավարժ Օլգա դել Ամայի եւ նկարազարդող Ելենա Վիլյարի «Ինչպես սովորել փոքր դառնալ։ 80 խաղ երեխաների հետ» գրքի մոտիվներով։ Խաղերը կարելի է  առանձնացնել ըստ տեղի (օրինակ, խանութում կամ մեքենայի մեջ), երեխաների տարիքի եւ նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի, խաղին անհրաժեշտ ժամանակի։

Հավելվածը կազմողները վստահ են, որ նման գիտակցված ժամանցի օգնությամբ ծնողների համար ավելի հեշտ կլինի հաղորդակցվել երեխաների հետ, անգամ եթե ժամանակը չի հերիքում «որակյալ» շփման համար։

2016 թվականի միջազգային հետազոտության համաձայն՝ ժամանակակից ծնողները երեխաների հետ շփմանը շաբաթական միջինը 1 ժամ ավելի են նվիրում, քան 50 տարի առաջ։ Այժմ մայրերն Իսպանիայում երեխաների խնամքին նվիրում են մոտ 13,5 ժամ շաբաթական, հայրերը՝ մոտ երկու անգամ քիչ։ Բայց դա միշտ չէ, որ կարելի է «որակյալ ժամանակ» համարել. օրինակ, ֆիլմի համատեղ դիտումը երեխաներին ու ծնողներին ավելի չի մոտեցնում։ Հետազոտությունն անցկացվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 11 անդամ երկրում։