Գյուղատնտեսության համակարգում անարդյունավետության հարցը իշխանությունները «լուծեցին» նախարարության լուծարման միջոցով, ինչը վատ հետեւանքների կհանգեցնի: Փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հկ նախագահ Հրաչյա Բերբերյանը:
Նրա խոսքով, հասկանալի չէ, թե ինչպես գյուղատնտեսությունը, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը, կարող է զրկվել իր նախարարությունից: «Նույնիսկ Միացյալ Նահանգներում գյուղատնտեսության նախարարությունը 7 հիմնական գերատեսչություններից է», - ասաց նա:
Փորձագետը հավելեց, որ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի գործարկման համար անհրաժեշտ է ոլորտը կատարյալ վիճակի հասցնել, մասնավորապես, հակակարկտային համակարգի, ոռոգման համակարգի եւ անասնաբուժության խնդիրները լուծելու միջոցով: «Բացի այդ, գյուղատնտեսական կարիքների համար նախատեսված ջրամբարները հաճախ օգտագործվում են էներգետիկ նպատակներով», - ավելացրեց նա:
Հրաչյա Բերբերյանը նշեց, որ գյուղատնտեսության ֆինանսավորման խնդիրը կարելի էր լուծել 1 հա հողատարածքի հաշվարկով որոշակի ֆինանսավորման տրամադրմամբ, ինչպես դա արվում է Վրաստանում:
«Գյուղացիներին աջակցելու համար անհրաժեշտ է ոչ թե բանկերին սուբսիդիաներ տրամադրել, այլ գյուղացիներին»,-ասաց նա:





























