Մենք կուսակցության ռեբրենդինգ չենք անում: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Նրա խոսքով, կուսակցության ծրագիրը փոխելու են, որովհետեւ ծրագրի մի զգալի հատվածը, որ կապված էր մասնավորապես երկրում հեղափոխական փոփոխությունների հետ, իշխանափոխության հետ, իրականացված են. «Պետք է այլ խնդիրներ մեր առջեւ դնենք»:
Ինչ վերաբերում է նոր անդամներ ներգրավելուն, ԿԳ նխարարն ասաց. «Այո, այդպիսի իրավիճակ կա, երբ ունենք շատ մեծ թվով դիմումներ: Ըստ էության, վերջին 9 ամիսներին շատ քիչ մասն է հաստատվել վարչության կողմից՝ նաեւ հաշվի առնելով այն բացասական հետեւանքները, որոնք կապված են հեղափոխությունից հետո իշխանական ուժի մեջ ներգրավելու հետ: Դրա համար շատ խիստ ֆիլտրներ են դրված, վերջնական դեռ որոշում չունենք թե ավելի քան 10 հազար դիմումների հետ ինչ ենք անելու»:
Նա նշեց, որ մինչեւ հիմա մի քանի հարյուր մարդու են ընդգրկել կուսակցության շարքերը ու դեռ հստակ որոշում չունեն, թե ինչ կերպ ենք վարվելու դիմում ներկայացրած անձանց հետ:
«Առաջիկա ամիսներին համաժողով կլինի. Մինչ այդ ծրագիր ու կանոնադրություն է մշակվելու, ըստ դրա նաեւ նոր վարչություն կընտրվի: Թե ով կլինի վարչության նախագահը, վարչությունը կորոշի:
Մենք չենք ձգտում դառնալ մեծ կուսակցություն, նախկին իշխանական կուսակցությունների նման: Մանավանդ 21-րդ դարի գործիքների ու պրոցեսների պայմաններում դրա անհրաժեշտությունը չկա»:





























