Սերբիայի արեւելյան Կլադովո քաղաքի մերձակա գյուղի բնակիչը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով պաշտպանել իրեն վամպիրների մշտական գիշերային այցելություններից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բոր քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը։
Պատկառելի տարիքի տղամարդը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, որում մանրամասն նկարագրում է, որ վամպիրներն ավելի քան մեկ ամիս առաջ սկսել են ամեն գիշեր այցելել իրեն, բայց ոչ թե հարձակվելու, այլ «խոսելու» համար։
«Մարդը բողոքում է, որ գիշերը ժամը մեկից երկուսը իր տուն վամպիրներ են գալիս, ուտելիքը ցած են նետում սեղանից, խոսում ու իր հետ քնում են անկողնում մինչեւ առավոտ։ Քանի որ տղամարդը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, կարծում է, որ վամպիրներն այդ մասին իմացել են եւ հիմա իրեն էլ չեն անհանգստացնի»,- ճշտել է գործակալության աղբյուրը։
Դունայի ափին Բոր, Կլադովո, Նեգոտին, Կնյաժեւաց քաղաքները Արեւելյան Սերբիայում հոծ բնակեցված են «վլախներով»՝ ազգություն, որը ազգակից է հարեւան ռումինացիներին եւ խոսում է ռումիներենին մոտ լեզվով։ Այս շրջանն ավանդաբար համարվում է գերբնական ակտիվության կենտրոն, ժողովուրդը հատուկ ուժ է վերագրում տեղի կախարդներին, գոյություն ունի համասերբական «վլախական մոգություն» հասկացությունը։



























