Ֆրանսիական Decathlon ընկերությունը հրաժարվել է հատուկ վազքի համար նախատեսված հիջաբի վաճառքից։ Բուռն բանավեճերից եւ սպառնալիքներից հետո որոշվել է չսկսել այդ ապրանքի իրացումը Ֆրանսիայում՝ ասվում է Decathlon եւ Kalenji ընկերությունների համատեղ հայտարարության մեջ՝ հայտնում է DW-ն։

Սպորտային հիջաբների վաճառք սկսելու ընկերության ներկայացուցչի հայտարարությունը սուր քննադատություն է առաջացրել Ֆրանսիայում։ Decathlon-ին մեղադրել են կանանց շահագործմանը նպաստելու եւ արեւմտյան արժեքներից հրաժարվելու մեջ։

Մասնավորապես, Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բյուզենը հայտարարել է, թե «կնախընտրեր, որ ֆրանսիական ապրանքանիշն այդպիսի ապրանք չարտադրեր»։ Նշելով, որ Ֆրանսիայում հագուստի այդ տարրի կրումը թույլատրված է, նախարարը միաժամանակ ասել է, որ իր կարծիքով «պետք չէ խրախուսել տղամարդկանց եւ կանանց առանձնացումը»։

Ֆրանսիական մոդելավորողների կողմից ստեղծված սպորտային հիջաբներ առայժմ միայն Մարոկկոյում կարելի է գնել։ Սակայն Nike-ի արտադրած նման հիջաբը կարելի է համացանցով գնել ողջ աշխարհում։