Ferrari ընկերությունը նոր F8 Tributo սուպերքար է ներկայացրել, որը մոդելային շարքում կփոխարինի 488 GTB-ին, գրում է «Կոմերսանտ»-ը:

Միջին շարժիչով կուպեն հագեցած է 720 ձիաուժ, 4 լիտրանոց տուրբո V8-ով, որը 50 ձիաուժով ավելի հզոր է 488 GTB-ից եւ հզորությամբ համապատասխանում է 488 Pista ֆլագմանական տարբերակին: Նորույթը 40 կգ-ով ավելի թեթեւ է, հագեցած է Side Slip Angle Control եւ Ferrari Dynamic Enhancer էլեկտրոնային համակարգերի վերջին տարբերակներով:

Մեքենայի թափքի դիզայնը համադրված է նոր աերոդինամիկ լուծումներով:  Ակտիվ աերոդինամիկայի տարրերը թույլ են տվել ավելացնել սեղմման ուժը եւ բարելավել հանգույցների եւ ագրեգատների հովացումը:

Ferrari F8 Tributo-ի ինտերիերը ամբողջությամբ վերափոխվել է: Դռները, կենտրոնական թունելը, ճակատային վահանակը եւ գործիքների վահանակը փոխվել են, ղեկը փոքրացել է, 7 դյույմանոց էկրանով մուլտիմեդիա համակարգը բարելավվել է:

Նոր սպորտային ավտոմեքենայի հանրային դեբյուտը տեղի կունենա Ժնեւի ավտոսրահում: Ferrari F8 Tributo-ն, որի անունը կապվում է իտալական ավտոարտադրողի  80-ամյակի հետ (ապրանքանիշը հիմնադրվել է 1939 թվականին), վաճառքի կհանվի մինչեւ 2019 թ. վերջ: