Չինաստանի Շենյան քաղաքի հյուսիսարեւելյան Լյաոնին շրջանում բերման են ենթարկել 56 մարդու թմրանյութերի մաքսանենգության պատճառով, գործողության ընթացում առգրավվել է մոտ 45 կիլոգրամ մետամֆետամին, տեղեկացրել է Շենյանի հանրային անվտանգության վարչությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Բացի այդ, ոստիկանությունն առգրավել է 1,3 միլիոն յուան (մոտ 195 հազար դոլար) եւ յոթ ավտոմեքենա, որոնք օգտագործվել են թմրանյութերի տեղափոխման համար։

Գործողությունը գրեթե երկամյա հետաքննության արդյունքն է, այն նախաձեռնվել էր 2017-ի ամռանը մի տղամարդու կալանելուց հետո, որի մոտ հայտնաբերվել էր թմրանյութի մեծ քանակություն։ Քննության ընթացքում հաջողվեց պարզել, որ տղամարդը միայնակ դիլեր չէ, այլ խմբավորման անդամ, որը զբաղվում է թմրանյութերի ապօրինի առքուվաճառքով հարավային Գուանդուն նահանգում։

Ոստիկանության տվյալներով՝ խմբավորման անդամների կալանման շնորհիվ հաջողվել է լիովին վերացնել Գուանդունից թմրանյութերի ապօրինի մատակարարման աղբյուրը։

Ոստիկանությունում նշել են, որ գործողությունը տեւել է մի քանի ամիս։ Կալանվածներից 19-ը վարչական տույժի է ենթարկվել, 37-ին արդեն մեղադրանք է ներկայացվել։