ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից մշակվում է «Արմավիրի ֆերմեր» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 15.0 լ/վրկ եւ Սեւջուր գետից՝ 278.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թ-ի մարտի 5-ին՝ ժամը 16:00 ին, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում:
Այս հայտարարությունը բնապահպանության նախարարության կայքում հայտնվեց Արմավիրի մարզի Զարթոնք եւ Արտաշար համայնքների՝ ՀՀ կառավարության շենքի մոտ անցկացրած բողոքի ակցիայից հետո: Գյուղացիները պահանջում են «Արմավիրի ֆերմեր» ՍՊԸ-ին ժամանակին օտարված ձկնաբուծական տարածքները վերադարձնել համայնքներին:
Նույն պահանջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են դիմել Զարթոնքի եւ Արտաշարի համայնքապետերը: Վերջիններիս խոսքով՝ 1990-ական թթ-ին կառավարությունը, որպես ձկնաբուծական տնտեսություն, «Արմավիր ֆերմեր» ՓԲԸ-ին է օտարել 127 հեկտար Զարթոնքից եւ 97 հեկտար՝ Արտաշարից: Սակայն ներկայում սակավահող լինելու պատճառով տեղացիները ցանկանում են հետ ստանալ այդ հողերը եւ մշակել դրանք:
Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը նշել է, որ տեղյակ չէ ընկերության ներկայացրած նախագծից: Քննարկման օրվա մասին ծանուցում էլ չի ստացել:
«Ոչ բանավոր, ոչ գրավոր մեզ ոչ ոք տեղյակ չի պահել: Ո՞նց են առանց մեզ որոշում, ոչ մի բան չենք հասկանում, մենք դրա հետ համաձայն չենք», - ասաց Պարույր Սարգսյանը:
Համայնքապետը չգիտի՝ ինչ ստորերկրյա ջրային ռեսուրսից է ընկերությունը ցանկանում ՋԹ ստանալ: Ասում է՝ գյուղացիներն էլ ոռոգման ջրի կարիք ունեն, եթե ջուր կա, թող բնակիչներին տան:





























