Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը եւ Նովոսիբիրսկի մարզի ղեկավար Անդրեյ Տրավնիկովը քննարկել են միջտարածաշրջանային եւ միջպետական փոխշահավետ համագործակցության հրատապ ուղղություններն ու հեռանկարները: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 2-ին Նովոսիբիրսկի մարզի կառավարությունում: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:

Հանդիպմանը ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Հայաստանի մարզերի եւ Նովոսիբիրսկի մարզի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ այս ուղղությամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախագծերի իրականացման կարեւորությունը:

Անդրեյ Տրավնիկովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել, հիմք ընդունելով Նովոսիբիրսկի մարզի եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների լավագույն ավանդույթները, շարունակել փոխշահավետ հարաբերությունների բազամակողմանի խորացումն ու զարգացումը:

Կարծիքների փոխանակում է կատարվել նաեւ հումանիտար-կրթական ոլորտում համագործակցության խորացման շուրջ:

2018 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության հետ Նովոսիբիրսկի մարզի ապրանքաշրջանառությունը կազմել է 4,3 մլն դոլար:

Նովոսիբիրսկի եւ Երեւանի միջեւ եղբայրական կապերը հաստատվել են 2014 թվականին: Ներկայումս Նովոսիբիրսկի մարզի տարածքում գրանցված է 12 ռուս-հայկական համատեղ ձեռնարկություն: Նովոսիբիրսկի մարզի բուհերում սովորում են Հայաստանի քաղաքացի ուսանողներ: