Այս տարի պետական բյուջեից չեն սուբսիդավորի գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող դիզվառելիքը եւ պարարտանյութերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական ասոցիացիայի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների մի մասն իրենց կարիքները հոգալու համար պարարտանյութ են ներկրում ՌԴ–ից, Իրանից, նաեւ անորակ պարարտանյութ Վրաստանից: «Կառավարությունը չգիտես ինչու որոշել է սուբսիդավորել բանկերին, որ վերջինները ցածր տոկոսով գյուղացիներին վարկեր տրամադրեն: Մինչդեռ, այդ վարկերը բոլորին չեն հասնում, եթե գյուղացիների 20-30-ը ստանա դա էլ մեծ ցուցանիշ կլինի: Հարկատուի գումարները կառավարությունը մսխում է, բանկերին է հարստացնում գյուղացու հաշվին։ Երկիրը քանդում են զավզակները՝ գիտելիք չունեցող մարդիկ», -նշեց Բերբերյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, որ գյուղացիները վարկ են վերցնում եւ անձնական կարիքների վրա են ծախսում, ապա, Բերբերյանը խորհուրդ տվեց վարչապետին քիչ լսել կառավարության միջանցքներում շրջանառվող բամբասանքները. «Պարոն Փաշինյանին խորհուրդ կտամ չլսել իր՝ քառակուսի գլուխ օգնականներին, քիչ հավատալ իրենց, ու ավելի շատ շփվել գյուղացիների հետ:
Երբ մենք ասում էինք, որ Հայաստանում լոլիկի արտադրությունը ձախողվել էր անցած տարի մորմազգի ցեցի պատճառով, նույն իր օգնականները համոզում էին, որ դա շոգի հետեւանք է, երբ վարչապետն ինքը գյուղապետերի հետ անձամբ շփվեց, գյուղապետերը բացատրեցին, որ մորմազգի ցեց կա: Այդ տեխնոլոգիաները չինովնիկները շատ լավ գիտեն՝ ոնց անեն, որ պատասխանատվությունն իրենց վրայից գցեն»:
Բերբերյանը միաժամանակ դրական գնահատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ զարգացնել ոչխարաբուծությունը. «Առաջարկին կողմ եմ երկու ձեռքով, բայց ի՞նչ է արել գյուղատնտեսության նախարարությունը ոչխարաբուծության զարգացման համար: Ոչինչ: Յուրաքանչյուր գլուխ ոչխարի համար պետք է սուբսիդավորել, ոչ թե բանկերին տալ գումարը: Երկու- երեք տարում մենք 1մլն 200 հազարի կարող ենք հասցնել գլխաքանակը, բայց վերջին մեկ տարում 67 000-ով պակասել է ոչխարի գլխաքանակը: Դա անկանոն մորթի եւ արտահանման հետեւանք է»:





























