Կան շատ քաղաքացիներ, որոնք սպասում են այս օրենքի ընդունմանը, դրա համար էլ մենք նախաձեռնել ենք դրա քննարկումը։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ընթացքում ասել է դրա հեղինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ այս օրինագիծը վերաբերելու է մոտ երկու հազար մարդու։ Գորգիսյանը պարզաբանել է, որ փոփոխությունները քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է 2018-ին եւ մինչեւ 2019-ի մարտի 1-ը, հնարավորություն կտա վճարել համապատասխան գումար՝ որպես տուգանք եւ ազատվել քրեական հետապնդումից։ Ընդ որում, պատգամավորը տեղեկացրել է, որ խուսափողների ընդհանուր թիվը կազմում է 10940 մարդ, եւ նրանք բոլորն այսօրվա դրությամբ հետախուզման մեջ են։

Իր հերթին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ 2016-2017 թվականներին, շնորհիվ գործող օրենքի, Հայաստան է վերադարձել 625 զինապարտ քաղաքացի, ովքեր վճարել են 795 միլիոն դրամ ընդհանուր տուգանք։ Ընդ որում՝ խորհրդարանականն ընդունել է, որ այս օրինագիծը, անշուշտ, կարեւոր է, բայց չի լուծի հիմնական խնդիրը, եւ ապագայում նորից կբախվենք այդ նույն խնդրին։ Այս ամենը, Խաչատրյանի կարծիքով, պահանջում է արմատական եւ ավելի արդյունավետ լուծում։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ արժանացել է պատգամավորների միաձայն հավանությանը։ Խորհրդարանը նաեւ կողմ է քվեարկել, որպեսզի օրինագիծը քննարկվի երկրորդ ընթերցմամբ, արագացված 24-ժամյա ռեժիմով։ Օրենքը, որը թույլ է տալիս վճարել բանակում ծառայության դիմաց, կգործի մինչեւ տարեվերջ։