Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կաթ եւ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի եւ կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների մակնշման մեջ այսուհետ պետք է լինի առանձին գրառում բուսական յուղերի առկայության վերաբերյալ, միաժամանակ կաթնայուղի փոխարինիչով արտադրանքը չի կարող ունենալ այնպիսի անվանումներ, որը կմոլորեցնի սպառողին:
ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով կաթնայուղի փոխարինիչների հետ կապված խնդիրներին, Վահե Դանիելյանը ընդգծել է արտադրանքի ներկայացվող տեխնիկական կանոնակարգում 2018 թվականից առկա նոր պահանջը, որը վերաբերում է տրանսճարպերի առկայությանը եւ դրա չափաքանակների նորմավորմանը:
«Ներկայումս տրանսճարպաթթուների առավելագույն թույլատրելի քանակությունը կաթնայուղի փոխարինիչներում կամ ճարպայուղային արտադրանքում սահմանված է 2%: Պետք է գիտակցել, որ եթե անգամ ձեր պատրաստի արտադրանքում չի նորմավորվում դրա չափաքանակները, ավելցուկ արձանագրելու դեպքում, մենք ուսումնասիրություն կսկսենք օգտագործվող հումքում»:
Քննարկման ընթացքում կաթ եւ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են շուկայում առկա անհայտ ծագման եւ համեմատաբար մատչելի գնով վաճառվող պանրի մասին, որին Վահե Դանիելյանն արձագանքել է. «Խնդիրն իսկապես մտահոգիչ է, մի բան է, երբ այն վաճառվում է շուկայում. գյուղացին կարող է իր արտադրանքը վաճառել շուկայում: Սակայն շրջայցերի ժամանակ պարբերաբար անհայտ ծագման պանիր տեսնում ենք նաեւ իրացման ցանցում, որոնց իրացումն, իհարկե կասեցնում ենք»:
Ամփոփելով քննարկումը՝ տեսչության պետը շեշտել է. հետեւողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը:





























