ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» եւ տեղեկատու հեռախոսահամարներով 2019թ. հունվարին ստացվել է 235 հեռախոսազանգ:
Նախարարության «թեժ գծին» զանգահարած «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցը հայտնել է, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, ինչի վերաբերյալ ղեկավարությանն ուղղված գրավոր դիմումը մնացել է անպատասխան: Նախարարության փոստի վարչությունը քաղաքացու բողոքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար անմիջապես գրավոր դիմել է «Հայփոսը» ՓԲԸ-ին: Ստացված պարզաբանումները տրամադրվել են քաղաքացուն:
Բջջային օպերատորներից մեկի անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ ահազանգած քաղաքացին էլ նշում էր, որ այդ ընկերությունն իր բաժանորդային տվյալները փոխարինել է այլ տվյալներով եւ դադարեցրել ֆիքսված կապի ծառայության մատուցումը: Քաղաքացու բողոքը վերահասցեավորվել է տվյալ ընկերություն, որի տված գրավոր պարզաբանումները փոխանցվել են քաղաքացուն:
Մեկ այլ քաղաքացու դժգոհության պատճառն էլ այն էր, որ թեեւ M6 ճանապարհով ծանրաքաշ բեռնատարների երթեւեկությունն արգելված է, սակայն այնտեղով անցնում են այդպիսի մեքենաներ ու խաթարում եւ´ շինարարական աշխատանքների ընթացքը, եւ´ խցանում առաջացնում: Նախարարությունը դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանություն՝ առաջարկելով հանձնարարել ծառայության համապատասխան ստորաբաժանումներին խստացնել վերահսկողությունը Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաների եւ երթուղային ավտոբուսների մուտքն Մ6 ճանապարհ արգելող ու դրանց հետագա ընթացքն այլընտրանքային երթուղով ուղղորդող ճանապարհային նշանների պահանջն ապահովելու նկատմամբ:
Եվս մեկ քաղաքացի էլ ահազանգել է՝ տեղեկացնելով, որ Դիլիջանի թունելում վատ լուսավորության եւ գոյացած մեծ փոսի պատճառով պայթել են իր մեքենայի երկու անվադողերը: Տվյալ ճանախարհահատվածը սպասարկող կազմակերպության աշխատակիցներն անմիջապես ուսումնասիրել են բողոքը, կատարել տեսախցիկների տեսագրության դիտարկում: Ներկայացված փաստերը բավարար չեն եղել բողոքին ընթացք տալու համար, ուստի քաղաքացուն առաջարկվել է ներկայացնել լրացուցիչ փաստեր:
Ճանապարհաշինական ոլորտին վերաբերող մյուս ահազանգը Շենիկ-Բաղրամյան-Արմավիր ճանապարհահատվածում ձնամաքրման աշխատանքների մասին էր: Նախարարության համապատասխան ստորաբաժանումը քաղաքացուն գրավոր տեղեկացրել է, որ տվյալ հատվածի սպասարկումը կատարում է Արմավիրի մարզպետարանը:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 230 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական եւ օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:





























